Օրեր առաջ հրատարակվել է արմավիրցի գրող, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Նամակ Մեսրոպ Մաշտոցին» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Այն բանաստեղծուհու 15-րդ մանկական գիրքն է, որտեղ զետեղված են բանաստեղծություններ ու հանելուկներ: Նրա գրքերը պատկերազարդ են, ընդգրկում են հայրենասիրական և ուսուցողական թեմաներ:
«Նամակ Մեսրոպ Մաշտոցին» բանաստեղծությունների ժողովածուն բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանի 26-րդ հրատարակված գիրքն է: Նրա ստեղծագործությունները գրված են պարզ ու մատչելի լեզվով։ Բանաստեղծուհին իր ասելիքն ուղիղ հասցնում է ընթերցողին: Ժաննա Աբրահամյանն ասում է՝ իր բոլոր գրքերն իրեն հոգեհարազատ են, բայց առանձնացնում է հատկապես մանկական ստեղծագործությունները: Իսկ նախընտրելին նոր ծնունդ առած գիրքն է:



«Իմ սիրելի Մեսրոպ Մաշտոց,
Սերտել եմ հայ տառերը,
Սիրում եմ ես գիրը հայոց,
Մեր գեղեցիկ բառերը:
Մեր դրոշն է այբուբենը,
Ես էլ զինվորը նրա,
Ու կկրեմ հայոց գենը,
Քանի դար էլ գա ու գնա…
Սա է հիմնական իմաստն ու այն մեխը, որն ուզում եմ հասցնել երեխաներին»:
Մանկական յուրաքանչյուր բանաստեղծություն ուսուցողական տարր ունի: Նպատակը մեկն է՝ բանաստեղծությունների միջոցով կրթել ու դաստիարակել երեխաներին: Սա գալիս է նաև նրա մասնագիտությունից՝ մանկավարժ է, օրվա մեծ մասն անցկացնում է դպրոցում, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ: Ժաննա Աբրահամյանի մանկական բանաստեղծությունների առանցքը մեր լեզուն է ու մշակույթը:


«Ախ ո՜նց է սազում մաշտոցյան լեզուն,
Մեր Նարեկացու հանճարեղ գրչին,
Ո՜նց է խոնարհվում մեր հայոց լեզուն,
Սրբության սրբոց մեր Տիրոջ աջին…
Մենք այնքան հին ազգ ենք, տե՛ս, ինչքան ազգեր են եկել ու գնացել, չէ՞: Իրենք էլ պակաս չեն պայքարել իրենց լինելիության համար, բայց չկան: Մենք այն հին ազգերից մեկն ենք, որ բազմաթիվ փորձություների միջով ենք անցել ու… մեր հայոց լեզուն հնից էլ հին է»:
Մանկական մոտիվները նրան տեղափոխում են այլ միջավայր, որտեղ գույները խտացված չեն: Բանաստեղծուհին հոգեբանի խորությամբ է թափանցում երեխաների ներաշխարհը: Իր խոսքը նրանց հասանելի դարձնելու համար յուրահատուկ ձևաչափ է ընտրել՝ երկխոսություն կենդանիների ու երեխաների միջև: Դա ակնառու է նրա գրեթե բոլոր մանկական գրքերում: Դրանք միշտ պատկերազարդ են, բովանդակությանը՝ համահունչ: «Նամակ Մեսրոպ Մաշտոցին» գրքում ոչ միայն հայրենասիրական թեմաներ են, այլև՝ խրատական:
«Կան հայրենիքին նվիրված, դպրոցական երեխային նվիրված բանաստեղծություններ, երեխայի հոգեբանությանը՝ ագահությանը, խորամանկությանը: Նույնիսկ կենդանիների լեզվով փորձել եմ երեխաներին հասցնել, թե որն է լավը, որը՝ վատը: Ես կարծում եմ, որ կարողացել եմ շատ պարզ, ընթեռնելի, մանուկներին հասանելի լեզվով գրել և մատուցել»:


Բանաստեղծուհին ասում է, որ մանկական գրքերն իր համար ժամանակ են շահում առօրյա հոգսերը թոթափելու և արձակ գրելու համար: Խոստովանում է՝ դրա ժամանակը մոտեցել է, թեման հասունացել է այդ ժանրում ստեղծագործելու համար: Մտապատկերում արդեն երևում են ուրվագծերը: Գիրքը նվիրված է լինելու հայրենիքին զինվորագրված մարդկանց:
«Մեր ապրող լեգենդների մասին է և փայլող շքանշանների շքահանդեսի մասին: Ինչքան էլ ցավալի է, բայց պիտի ասեմ, որ այն մարդիկ, ովքեր արժանի են այդ շքանշաններին, ցավոք, մնացել են ստվերում»:

Ժաննա Աբրահամյանը վստահ է՝ հայրենիքի նվիրյալներին երբեք չի կուրացրել այդ շքանշանների փայլը: Նրանք ապրում են մեր կողքին ու լռում իրենց անցած ուղու մասին: Իսկ մուսան անժամանակ է գալիս, անկախ պահից ու վայրից թուղթ ու գրիչը ձեռքն է առնում, մտքերը շարադրում: