TRIPP-ի աշխատանքների վրա կարող է ազդել Իրանում ստեղծված իրավիճակը՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Միացյալ Նահանգների վարչակազմի համար TRIPP-ն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ Մարտի 11-ին Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ TRIPP-ի ծրագիրը բյուրեղացման փուլում է, և առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որով նախագիծը գործնական փուլ կմտնի։
Մարտի 12-ի ճեպազրույցում Հայաստանի վարչապետն ավելի բաց է խոսել արտաքին և ներքին քաղաքական որոշ հարցերի մասին։
Թե ինչն է կապում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայ առաքելական եկեղեցին, Սահմանադրությունն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հրաժարականը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բացատրում․
«Պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Խոսքը քաղաքական պաշտոնյայի դերաբաշխման և քաղաքական գնահատականի մասին է»։
Այս սկզբունքը վարչապետը ներկայացնում է երկու օրինակով։ Առաջինը՝ մի քանի օր շրջանառվող տեղեկությունն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության մասին։ Ինչո՞ւ նրա համար ճակատագրական դարձավ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայաստանյան այցն ու ինչը զայրացրեց վարչապետ Փաշինյանին․ մինչև այս պահը անպատասխան մնացած հարցերը հենց Նիկոլ Փաշինյանն է պարզաբանում։
«Արարողակարգային նվեր տալ արցախյան հիմնախնդրի թեմայով, դա քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այսինքն նվեր տալու բան կա, մենք չե՞նք կարողանում նվեր տանք, վախենում ենք` ուրիշ պաշտոնյայի միջոցո՞վ պետք է նվեր տանք։ Լսեք` կա պետություն, արարողակարգ, հասկանո՞ւմ եք։ Բավական է մենք մեր երկրին վերաբերվենք որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարող այդպիսի բան թույլ տալ, որովհետև պետության թիվ մեկ պատասխանատուն եմ։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի, որովհետև, երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել։ ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը և այն պետական պաշտոնյան, ով ՀՀ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Այդտեղ ի՞նչ թեմա կա»։
Մոտավորապես նույն տրամաբանության մեջ է իշխանությունը դիտարկում նաև եկեղեցու քայլերը։ Դա է պատճառը, որ անգամ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ որոշ եկեղեցականների գործունեության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն օգտագործեց «պատերազմի կուսակցություն» ձևակերպումը։ Արդեն Երևանում ճեպազրույցի ժամանակ նա ավելի բաց խոսեց իր ընտրած որակումների մասին։
«Եկեղեցու խորանից ասում են` օրհնվի Արցախի Հանրապետությունը։ Այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ՝ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը ՀՀ-ում։ Ես գնում եմ պատարագների, տեսնում եմ, որ պատարագի տեքստում այդպիսի բան չկա, տեքստից շեղվում են։ Եկեք բոլորս սկսենք հղում անել Արցախի Հանրապետությանը։ Դա ի՞նչ է նշանակում։ Ամեն այդպիսի նախադասություն նշանակում է պատերազմի կոչ այսօր, վաղը, մյուս օրը ։ Բա ամեն անգամ մենք այդպես ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։ Այն, որ ասում են վերադարձ։ Ի՞նչ վերադարձ, որտե՞ղ վերադարձ, կա փախստականների վերադարձի թեմա՞։ Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, զարգանալու են, զարգանալու են՝ բախվելու իրար, դառնան պատերազմ։ Ձեզ թվում է` նախկին պատերազմները տենց ինչ-որ բոլորը վեր են կացել, ասել` պատերա՞զմ։ Այդպես հումանիտար, շատ անմեղ թեմաներից սկսել են՝ մի քար, մի հուշարձան»։
Արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ է դիտարկվում նաև Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը։ Նախկին ակնարկների, ենթադրությունների և մասնավոր կարծիքի փոխարեն Հայաստանի վարչապետն արդեն հաստատում է, թե ինչ սկզբունքային փոփոխությամբ է ենթադրաբար մարտին հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը։
«Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի և ասեմ` ինչու։ Որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել։ Թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ։ Նախորդիվ Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձներում իմ դիրքորոշումը մանրամասն արտահայտել եմ»։
«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն օրերս արբանյակային լուսանկարների միջոցով պնդում էր, թե Վայոց Ձոր և Գեղարնունիք մարզերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները առաջխաղացում են ունեցել։ Քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանցից մեկի՝ Վարդան Փաշոյանի ներկայացմամբ՝ գործադիրին հանձնել են նամակ, քանի որ պաշտպանության նախարարության պարզաբանումը բավարար չեն համարել։
«ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանումը շատ մանիպուլատիվ էր։ Այսինքն, մենք ներկայացրել ենք մի շարք փաստեր, իսկ մամուլի խոսնակն անդրադարձել է միայն մի դիրքի, այն էլ այնպիսի մանիպուլատիվ մոտեցմամբ, որը բնականաբար հերքվեց թե՛ մեր թիմի կողմից, թե՛ անկախ լրագրողների կողմից։ Այստեղ հարցը ոչ թե որքա՞ն են առաջացել, ի՞նչ են արել, այստեղ հարցն այն է, որ դա ՀՀ սուվերեն տարածքն է և ներխուժումը պետք է դատապարտվի։ Հարցը նաև մեր անվտանգային համակարգին սպառնացող վտանգներն են և մեր սահմանամերձ գոտում բնակվող բնակիչների անվտանգության հարցն է»։
Հայաստանի վարչապետը այս հարցով լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չի տեսնում։
«Ի՞նչ կա պարզաբանելու։ Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Երկրները իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Ինչո՞ւմ է խնդիրը։ Հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ և գիտենք` որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը և որտեղ չի։ Մենք, իհարկե, զուգահեռ ասել ենք, որ նաև կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքը իմ նշած դեպքի հետ կապ չունի»։
Իսկ թե արդյոք Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը ավելի մոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախօրեին գրեթե նույն ժամին հաստատված խաղաղության մասին խոսել են և՛ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում, և՛ Իլհամ Ալիևը Բաքվում՝ հարցին Հայաստանի վարչապետը պատասխանում է՝ կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ Թե երբ, չի հստակեցնում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կողմերը հիմա մտածում են խաղաղությունն ամրապնդելու և այն անշրջելի դարձնելու մասին։