Միայն Բահրեյնում խոցվել է ավելի քան 170 ԱԹՍ և 100 հրթիռ
Չար լեզուները կատակում են, թե Ամերիկան միլիարդներ և 20 տարի է ծախսել Աֆղանստանում թալիբներին թալիբներով փոխարինելու համար, Դոնալդ Թրամփն էլ ռազմական օպերացիայով այաթոլլահ Խամենեիին փոխարինել է այաթոլլահ Խամենեիով:
Մինչդեռ, Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմական թիրախներին և նավթարդյունաբերական հիմնարկներին:
Միայն Բահրեյնում ՀՕՊ-ն այս պատերազմի ընթացքում վնասազերծել է ավելի քան 170 անօդաչու և ավելի քան 100 հրթիռ: Այդ երկրում է ամերիկյան ծովուժի 5-րդ նավատորմի կենտրոնակայանը:
Իրանի ԱԹՍ-ների և հրթիռների մի մասն այնուամենայնիվ հասնում են թիրախներին: Բահրեյնում՝ Մուհարաքի գավառում օդային հարվածից հետևանքով նավթի խոշոր պահեստ է հրդեհվել:
Իսկ Դուբայում իրանական անօդաչուն հարվածել է շքեղ երկնաքերին: Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանությունն էլ է գերլարված աշխատում:
Իրանում հարվածի է ենթարկվել ավելի քան 5500 թիրախ
Ամերիկացիներն էլ շարունակում են թիրախավորել իրանական ռազմական ինքնաթիռները, բեռնատարները և նավերը: Այդ մասին են վկայում ամերիկյան կենտրոնական հրամանատարության տարածած տեսագրությունները: Այսօր պատերազմի 13-րդ օրն է:
Ամերիկացի հրամանատարների փոխանցմամբ, Իրանում այս ընթացքում ավելի քան 5 հազար 500 թիրախ է խոցվել:
Թրամփը հավանել է «էպիկական ցասում» անունը
Նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ հակառակորդն արդեն պարտվել է, սակայն Ամերիկան դեռ պետք է մնա տարածաշրջանում, որ ավարտին հասցնի սկսած գործը: Նա պատմել է, թե ինչպես է ընտվել ռազմական գործողության անունը՝ «Էպիկական ցասում»:
«Մենք հաղթել ենք, առաջին ժամվա ընթացքում ամեն ինչ ավարտվեց: Զինվորական ղեկավարները գործողության անունների ցանկ էին տվել։ Հարցրեցին՝ «Կարո՞ղ եք անուն ընտրել»։ Ասացի՝ «Ի՞նչ անուն»։ «Իրանի վրա հարձակման»: Նրանք ինձ մոտ 20 անուն տվեցին։ Ոչ մեկը դուրս չեկավ։ Հետո տեսա՝ «Էպիկական ցասում»։ Ասացի՝ «Այս մեկը լավն է, դուրս եկավ»,- ասել է նախագահը։
Թրամփի խոսքով, երբեք չի կարելի ժամանակից շուտ ասել, թե հաղթել ես, բայց այս պատերազմում Ամերիկայի հաղթանակն արդեն փաստ է:
«Նրանց {իրանցիների} ռազմաօդային ուժերը վերացել են։ Դա տևեց մոտ երեք ժամ։ Այլևս ռադար չունեն։ Հակաօդային սարքավորումներ չունեն։ Նրանց հրթիռներն 90 տոկոսով խոցված են։ Անօդաչու սարքերն 85 տոկոսով են խոցված։ Մենք պայթեցնում ենք այն գործարանները, որտեղ դրանք զօրուգիշեր արտադրվել են»,- ասել է Թրամփը:
Ռուսաստանը և Չինաստանը վետո չեն կիրառել
Անցած գիշեր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել և քվեարկության է դրել թիվ 2817 բանաձևը, որը դատապարտում է Իրանին հարևան արաբական երկրներն օդային հարվածների ենթարկելու համար:
Քվեարկության արդյունքը հրապարակել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը:
«13 կողմ ձայն, 0 դեմ, 2 ձեռնպահ։ Նախագիծն ընդունվել է որպես 2817 բանաձև 2026 թվականին»,- ազդարարել է Ուոլցը։
Ուշագրավ է, որ Իրանի ավանդական դաշնակիցները համարվող Ռուսաստանը և Չինաստանը՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումն Իրանի վրա, այնուամենայնիվ գերադասել են ձեռնպահ մնալ և վետո չեն դրել բանաձևի նախագծի վրա: