Հայ անվանի դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Նշանակումը ոգեւորությամբ է ընդունվել նվագախմբում: Վահագն Պապյանը հասցրել է ղեկավարել Հայաստանի պետական կամերային նվագախումբը Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին նվիրված համերգին, և ունկնդիրը վայելել է Միրզոյանի սիմֆոնիան, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից։
Հայտնի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի առաջին հանդիպումը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ 1984 թվականին էր։ Ռուբեն Ահարոնյանն էր հրավիրել նվագախմբի համերգը ղեկավարելու։ Մոտ 40 տարի անց Վահագն Պապյանին կրկին առաջարկեցին ղեկավարել նվագախումբը։ Մաեստրոն անկեղծանում է՝ երկու պատճառ է եղել, որ համաձայնել է կրկին ղեկավարել նվագախումբը։
«Աշխատում էի ներկայիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, որն այն ժամանակ կոչվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Կամերայինի այն ժամանակվա կազմն այսօր չկա, բայց ավանդույթները պահպանվել են։ Մինչև օրս այստեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Անցել է ավելի քան քառասուն տարի, և նվագախումբն ուժեղ կազմ ունի։ Երկու հանգամանք ինձ ոգեշնչեց ղեկավարել այն՝ կարող եմ հայերենով շփվել երաժիշտների հետ, ձեզնից ոչ ոք դրա գինը չգիտի, և նվագախումբը լավն է»։
Վահագն Պապյանի երաժշտական գիտակցության ձևավորման վրա մեծապես ազդել է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը, որը եղել է նրա առաջին ուսուցիչներից։ Գերգիևը շատ տարիներ առաջ ղեկավարել է Ֆիլհարմոնիկ նվագախումբ և Պապյանին առաջարկել է աշխատել իր հետ որպես նվագախմբի երկրորդ դիրիժոր։ Մի առիթով Գերգիևն ասել է, որ հայ երաժիշտներին ղեկավարելը բավականին բարդ է։
«Գերգիևն իմ առաջին դասատուն է եղել։ Նա ինձ պատրաստել է կոնսերվատորիա ընդունվելու։ Հաճախ ենք ասում, չէ՞, որ մեր երկրում բոլորը վարչապետ են։ Գերգիևը դա նկատի ուներ, երբ ասում էր, որ դժվար է հայկական նվագախումբ ղեկավարել, որովհետև մեր նվագախմբերում ամեն մեկն ունի իր կարծիքը։ Այդ տարիներին երաժիշտների ու Գերգիևի միջև կիսահումորային խոսակցություն կար. երաժիշտները նրան ասում էին. «Մաեստրո՛, եթե դու ղեկավարում ես հայկական նվագախումբ, աշխարհում ամեն նվագախումբ կարող ես ղեկավարել»։ Դա Գերգիևը հաճույքով էր հիշում»։
Իսկ նվագախմբի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, նախատեսում է ընդլայնել համերգային գործունեությունն ու որոշ կառուցվածքային փոփոխություններ անել։
Դիրիժորն ընդգծում է, որ կամերային նվագախումբը միշտ չէ, որ եղել է միայն լարային կազմով, և անհրաժեշտ է այն համալրել նաև փողային գործիքներով, ինչը հնարավորություն կտա ավելի լայնացնել նվագացանկը։ Նախատեսվում են բազմազան ծրագրեր՝ ներառելով ինչպես ավանդական և հատուկ նախագծեր, այնպես էլ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Վերջերս նվագախումբը կատարել է Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, և հայկական երաժշտության ներկայացումը շարունակական կլինի նաև հետագայում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևոր իրադարձություն է համարում Պապյանի նշանակումը։ Նրա խոսքով՝ նման կոլեկտիվները չեն կարող երկար ժամանակ գործել առանց մշտական ղեկավարի, քանի որ հենց մշտական դիրիժորն է ապահովում զարգացման նոր ուղղություններ և կայուն ստեղծագործական քաղաքականություն։ Դանիելյանը նաև ընդգծել է, որ Պապյանը ոչ միայն բարձրակարգ դաշնակահար և դիրիժոր է, այլև մարդ, որի հետ համագործակցությունը նվագախմբի երաժիշտների կողմից արդեն իսկ դրական արձագանք է ստացել։
«Մենք պետք է զարգացնենք հայ կոմպոզիտորական արվեստը՝ կատարելով դասականներին, երիտասարդ ստեղծագործողներին էլ խրախուսելով կամերային ժանրում աշխատել։ Երբ կոմպոզիտորները տեսնում են նվագախմբի ակտիվությունը, կատարման որակը, ոգևորվում են ու նոր գործեր գրում, որոնք նվագախմբին տրամադրելու հանձնառություն են ստանձնում»,-ասաց նա։
Նվագախմբի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանի խոսքով՝ մաեստրո Վահագն Պապյանի գլխավորությամբ նվագախումբը շարունակելու է իր կարևորագույն առաքելությունը՝ ներկայացնել հայկական երաժշտությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ միաժամանակ ընդգրկելով նոր ստեղծագործություններ և հետաքրքիր նախագծեր։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը ասում է՝ նախարարության աջակցությամբ կենտրոնը համալրվել է նոր երաժշտական գործիքներով էլ, ինչը մեծապես կնպաստի նվագախմբի ավելի բազմազան ծրագրերին։
«Երկար ժամանակ նվագախումբը չուներ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, սակայն այժմ կատարվել է կարևոր ընտրություն․ համագործակցությունը մաեստրո Վահագն Պապյանի հետ հնարավորություն կտա իրականացնել հետաքրքիր և բարձրարվեստ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- նշել է Սարգսյանը։
Մարտի 28-ին Կամերային երաժշտութան տանը նախատեսվում է մեծ համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ։ Կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը, մենակատարն է ճանաչված ջութակահար Դիանա Ադամյանը։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում։