Աշխատավարձի բարձրացումը նախընտրական քա՞յլ է, թե՞ սոցիալական բարելավում․ ընդդիմությունը առաջինն է պնդում, իշխանությունը՝ երկրորդը

Մանկապարտեզներում աշխատավարձի բարձրացումն այսօր քննարկվել է Երևանի ավագանու նիստում։ Ընդդիմադիրները պնդում են, որ դա նախընտրական քայլ է։ Քաղաքապետը հերքում է այդ մեղադրանքը։ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այդ փոփոխությունը պայմանավորված է ինչպես աշխատանքի արդյունավետության, այնպես էլ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգերի ներդրմամբ։

Մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ նպատակով ավագանին փոփոխություններ է կատարել Երևանի 2026 թվականի բյուջեում։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս փոփոխությունը ներկայացնում է որպես սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտություն։ Իսկ ավագանու ընդդիմադիր անդամներն այդ փոփոխությունը համարում են նախընտրական քայլ։

Ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը հարցնում է՝ ինչու՞ է այս որոշումը կայացվում այն ժամանակ, երբ Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ․

«Իմ կարծիքով, սա թելադրված որոշում է, քանի որ առջևում ընտրություններ կան, և որպեսզի այս մարդկանց սիրաշահեք կամ այդ մարդկանց սիրտը գրավեք, սա ձեզ թելադրվել է, որպեսզի բարձրացվի ու բարձրացվել է սիմվոլիկ ամսում։ Մայիս ամսվա աշխատավարձը, որ բարձացվել է, այդ մարդիկ ստանալու են հունիսի 3-ին, 4-ին, 5-ին և հունիսի 7-ին գնալու են ընտրության»։

Ավագանու անդամն առաջարկում է մանկապարտեզներում աշխատավարձերը բարձրացնել այնքան, որ դրանք առնվազն համարժեք լինեն «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի» ամենացածր օղակի աշխատավարձերին։

«Ինչի՞ համար բարձրացվեց 15-20 տոկոս, ոչ թե 35-40 տոկոս։ Այսինքն՝ 1 մլրդ 700 մլն գումար է տրամադրվում, ինչու՞ 3.5 մլրդ դրամ չի տրամադրվում, ավելի բարեկեցիկ ու ավելի բարձր աշխատավարձ ստանան այդ մարդիկ»։

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետը հիշեցնում է, որ 2024 թվականին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել են 15-31%-ով։ Տիգրան Ավինյանը հերքում է, որ այդ փոփոխությունն արվում է նախընտրական նպատակներով։ Նա հիշեցնում է, որ անցած տարի ընտրություններ չեն եղել, բայց բարձրացրել են երաժշտական և արվեստի դպրոցների աշխատակիցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը:

«Այս տարի նախընտրակա՞ն էր, ոնց որ՝ չէ։ 2025 թվականին գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել է 15 տոկոսով։ Նախորդ տարի նույնպես նախընտրական չէ, չէ՞»։

Երևանի քաղաքապետն աշխատավարձերի ավելացումը պայմանավորում է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով։

«Այս աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալու մեր մանկապարտեզների շատ ու շատ աշխատակիցների 200 հազար դրամի շեմն անցկացնել և այս մարդկանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում»։

Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այս հարցում շահարկումների տեղ չկա, քանի որ բարեփոխումների շարունակական միտումը տեսանելի է։ Նա ընդգծում է, որ Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտներն ավելացնում է բարդ գործընթացների միջոցով, և դա հնարավոր է դարձնում նման փոփոխությունները։

«Ամեն տարի, որքանով, որ կարողանում ենք, մենք այդ աշխատավարձերը բարձրացնում ենք»։

Քաղաքային ընդդիմությունը հակադարձում է, նշելով, որ 2026 թվականին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվում են բյուջեի ավելցուկի պայմաններում։ Նրանք հարց են բարձրացնում՝ եթե 2027 թվականի բյուջեում ավելցուկ չլինի, արդյո՞ք աշխատավարձերը կրկին վերադառնալու են նախկին չափերին։

Պատասխանելով այդ մտահոգություններին, Ավինյանն ընդգծում է՝ վերջին մի քանի տարում Երևանի քաղաքապետարանը եռապատկել է սեփական եկամուտները և դրա շնորհիվ էլ իրականացնում է թե՛ այս փոփոխությունը, և թե՛ բազմաթիվ այլ ծրագրեր։

Քաղաքային եկամուտն ավելացել է երևանցու գրպանի հաշվին, պնդում է ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա վկայակոչում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած թվերն, ըստ որոնց, վերջին 4 տարում Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը բարձրացել է 4 անգամ։ Մանուկ Սուքիասյանը ներկայացնում է նաև վարչական շրջանների աշխատակիցների մտահոգությունները։

«Մարդիկ ասում են՝ բա մեր աշխատավարձերը ե՞րբ են բարձրանալուձերն այդքան բարձրացնում ենք։ Մինչև ընտրությունները չե՞ք պատրաստվում բարձրացնել թաղապետարանների աշխատողների աշխատավարձերը»։

Այս հարցադրմանն ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերջին 3-4 տարիներին վարձատրվում են իրենց կատարած աշխատանքի արդյունքին համապատասխան։

Տիգրան Ավինյանը նաև տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսում են նոր համակարգ ներդնել , որով աշխատակիցները կվարձատրվեն իրենց աշխատանքի արդյունքի և ստացած հանձնարարությունների կատարման ժամկետին համապատասխան։ Քաղաքապետը վստահեցնում է, որ դրանից հետո վարձատրության հետ կապված խնդիրներ չեն ծագի։

Leave a Comment