«Միասնության թևերը» կառավարության մոտ ակցիա է անցկացրել՝ պնդելով ադրբեջանական նոր դիրքի առկայությունը

«Միասնության թևերը» կառավարության մոտ ակցիա է անցկացրել՝ պնդելով ադրբեջանական նոր դիրքի առկայությունը

12 մարտի 2026 – 17:08 AMT

PanARMENIAN.Net«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները, գործընկերներն ու աջակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ շարունակելով պնդել, որ տեղի է ունեցել ադրբեջանական նոր ներխուժում և ՀՀ ինքնիշխան տարածքում հայտնվել է ադրբեջանական նոր դիրք, հայտնում է Sputnik Արմենիան:

Մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել էր շրջանառվող տեղեկությունները։

«Տևական ժամանակ է՝ էս իշխանությունները խաղաղության անվան տակ զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունից՝ նշելով, թե խաղաղություն են բերում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախաձեռնության անդամներից մեկը։

Ակցիայի մասնակիցները կառավարությանը փոխանցել են նամակ և մի շարք փաստական տվյալներ։ Նույնաբովանդակ փաստաթղթերի փաթեթ նախաձեռնության անդամները մարտի 10-ին փոխանցել էին նաև պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ։

Նախաձեռնության ներկայացուցիչները ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը, և այս հարցում, ըստ նրանց, քաղաքական կողմնորոշումները պետք է երկրորդական լինեն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե 2025-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք է տեղակայել՝ հավելելով, որ նշված դիրքը «չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում»: Հայտարարվել է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ։ Նշված քարտեզը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։

Փաշինյանը ևս ասել է, որ կա հստակ քարտեզ, գիծ, որը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Leave a Comment