
Երևանը մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան առաջիններից մեկն էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան՝ հավելելով, որ «չգիտես ինչու արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցության համար»: Զախարովայի խոսքով՝ որոշ ապրանքներ և սննդամթերքի փաթեթներ գնվել են անմիջապես Հայաստանից, ինչը, ըստ նրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար։
«Երևանի հրաժարումը հետագա օգնությունից հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք այլևս չլիներ… Եկեք նայենք փաստերին. Հայաստանի քաղաքացիների կողմից նման օգնության դիմումների թիվը միայն աճել է»,- նշել Է Զախարովան։ Ընդ որում, հայկական կողմը որպես հաջորդ խմբաքանակի մատակարարումը չհամաձայնեցնելու հիմք մեջբերել է նախընտրական շրջանում նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը սահմանափակող իրավական նորմերը։ «Չեմ թաքցնի, մենք փորձեցինք պարզաբանել, թե կոնկրետ ինչ էր նկատի առնվում, բայց, ցավոք, հայ պաշտոնյաները դժվարացան բացատրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- եզրափակել է Զախարովան։