
Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Մատուռի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Փարիզի պաշտամունքային շենքերի վերականգնման ծրագրի շրջանակներում և բարերարների աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը: Միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես է եկել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ելույթներ են ունեցել նաև Փարիզի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Արիել Վեյլը և բարերար Արա Ահարոնյանը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպված համերգին հնչել են հայկական ժողովրդական երաժշտության ստեղծագործություններից։