Ալիև․ Արդեն առևտուր ենք սկսել, ՀՀ-ն կարող է տարանցիկ երկիր դառնալ

Ալիև․ Արդեն առևտուր ենք սկսել, ՀՀ-ն կարող է տարանցիկ երկիր դառնալ

12 մարտի 2026 – 14:32 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղ պայմաններում ապրելու ժամանակահատվածը դեռևս կարճ է, սակայն, վստահ է, որ խաղաղությունը կպահպանվի: Այդ մասին նա ասել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն առևտուր է սկսել հայկական կողմի հետ և որ «ՀՀ կարող է տարանցիկ երկիր դառնալ», հայտնում է APA-ն:

«Անկախությունը ձեռք է բերվել 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսներին ենք ապրում խաղաղության պայմաններում։ Ես վստահ եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և անցել ենք կարևոր նավթամթերքների մատակարարմանը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը։ Կարծում եմ՝ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղությանը հավատարիմ մնալու մտադրության լավագույն ցուցիչն է։ Այդ պատճառով մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», — ասել է Ալիևը:

Բաքվի Գլոբալ ֆորումում Ալիևն ասել է, որ աշխատում են Միջին միջանցքի նոր ճյուղի ստեղծման ուղղությամբ:

«Այդ երթուղին անցնելու է Հայաստանի տարածքով, և ՀՀ-ն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ տարանցիկ երկիր կդառնա: Հիմա նա այդպիսի կարգավիճակ չունի: Այդ նախագիծը թույլ կտա միացնել Ադրբեջանի երկու մասը՝ հիմնական տարածքն ու Նախիջևանը, կայուն տրանսպորտային գծի, էներգետիկ գծի, օպտիկամանրաթելային կաբելի, էլեկտրահաղորդման գծերի և, պոտենացիալ, խողովակաշարի միջոցով: Այդպիսով Ադրբեջանի երկու մասերը կմիանան տրանսպորտային ենթակառուցվածքներով, իսկ նոր տարանցիկ միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կտա այլ երկրների»,-ասել է նա:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կիսում է Ադրբեջանի նպատակը՝ ձևավորել խաղաղ, կայուն, փոխկապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս։

«Հայաստանի հետ խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը պատմական նշանակություն ունի։ Վաշինգտոնյան համաձայնագրերը ցույց են տալիս ձեր նվիրվածությունը երկխոսությանը և հաշտեցմանը, և Եվրամիությունը աջակցում է դրանց լիարժեք իրականացմանը։ Մենք գիտենք, որ իրական խաղաղությունը չի կառուցվում միայն թղթի վրա ստորագրված քաղաքական համաձայնագրերի վրա։ Տնտեսական փոխկախվածության ամրապնդումը երկարաժամկետ կայունության ամենաապահով ուղին է»,- ասել է Կոշտան։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment