Կոշտա. Ադրբեջանը ԵՄ հիմնական գործընկերներից է

Ադրբեջանը Եվրամիության հիմնական գործընկերներից է, Բաքվում այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Անցած տարվա ընթացքում մենք կրկին ակտիվացրել ենք մեր հարաբերությունները։ Այսօրվա հանդիպումը հստակ հաստատում է համագործակցությունը շարունակելու մեր համատեղ հանձնառությունը», – ասել է Կոշտան, մանրամասնելով՝ հարաբերություններն ընդլայնվում են անվտանգության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին Ադրբեջանի հետ մեր էներգետիկ գործակցությունը է՛լ ավելի կարևոր նշանակություն է ստանում», – ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Չնայած իրավապաշտպանների հորդորներին՝ եվրոպացի պաշտոնյան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների ու լրագրողների ազատազրկման թեմային չի անդրադարձել։

Leave a Comment