Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է փետրվարի 7-ից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք գործարկվելու են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։ Խաղի կանոնները, մասնավորապես, փոխվում են խորհրդարան մտնելու անցողիկ շեմին, նախընտրական հիմնադրամներին, կոալիցիաների ձևավորմանը վերաբերող դրույթներում։
ԿԸՀ նախագահը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող որևէ ուժի չգրանցման վտանգ չի տեսնում։ Գլխավոր նախապայմանը օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելն է։
Վահագն Հովակիմյանն ասում է, որ կուսակցությունը կարող է չգրանցվել երկու դեպքում․ երբ ինքն է հրաժարվում գրանցումից կամ երբ թերի են ներկայացված փաստաթղթերը։
Վահագն Հովակիմյանը հարցը մանրամասնում է՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցման շուրջ շրջանառվող տեղեկություններին։
«ԿԸՀ-ն կարող է քննարկել ու քվեարկել բացառապես այն դեպքում, եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ ներկայացված են թերի, կամ եթե քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը։ Տրվել է 48 ժամ, և փաստաթղթերը չեն լրացվել։ Այդ ժամանակ հանձնաժողովը կարող է առարկությունը դնել քվեարկության և երկու երրորդ ձայներով մերժվել կուսակցության գրանցումը»։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ Ընտրական օրենսգրքով հստակ սահմանվում է փաստաթղթերի այն ցանկը, որը քաղաքական ուժը պետք է ներկայացնի ընտրությունների գրանցված մասնակից դառնալու համար։
«Եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ-ն ուղղակի, առանց քվեարկության գրանցում է։ Եթե չկա առարկություն, այսինքն՝ ԿԸՀ որևէ անդամ չունի առարկություն, ապա կուսակցությունը մեխանիկորեն համարվում է գրանցված»։
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերն արդեն սկսել են քարոզարշավը, Վահագն Հովակիմյանը նկատում է։
«Երբ սկսվում է պաշտոնական քարոզարշավի շրջանը, սա ոչ թե իրավունքի շրջան է, այլ՝ սահմանափակումների։ Այսինքն՝ քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարելու»։
Ընտրական օրենսգրքում կատարված մի շարք փոփոխություններ կգործարկվեն հունիսի 7-ի ընտրություններում։ Դրանցից մեկով կուսակցությունների համար խորհրդարան մտնելու անցողիկ շեմն իջել է՝ 5-ից հասնելով 4 տոկոսի, իսկ դաշինքների համար 7-ից բարձրացվել 8 և 10 տոկոսի։
Հանձնաժողովի նախագահը բացատրում է, թե ինչու է դաշինքների համար երկու տարբեր անցողիկ շեմ նախատեսվել։
«Մինչև 3 կուսակցությունով դաշինքները 8 տոկոս շեմի ներքո են, իսկ 3 և ավելի կուսակցությունից բաղկացած դաշինքները պետք է հաղթահարեն 10 տոկոս անցողիկ շեմը»։
Ընտրական օրենսգրքի մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է կոալիցիաների ձևավորմանը։ Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժից բաղկացած կոալիցիաներ ստեղծել, այս սկզբունքը նոր փոփոխություններով հանվել է։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ փոփոխություն կա նաև լրացուցիչ մանդատների ինստիտուտում, որը նախկինում 54 տոկոս էր և հիմա իջեցվել է 52 տոկոսի։
«Այն դեպքում, երբ քաղաքական ուժի ձայները երկու երրորդից պակաս կլինեն, բայց բաժանվող մանդատները երկու երրորդից ավել կլինեն, այդ ավել մանդատները, արդեն կբաշխվեն շեմը չհաղթահարած, այսինքն՝ մանդատների բաշխմանը չմասնակցող, բայց 2 տոկոս և ավել ստացած քաղաքական ուժերի մեջ»։
Փետրվարի 7-ից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխություններով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքների ֆինանսավորումը կիրականացվի նախընտրական հիմնադրամների միջոցով, որոնց առավելագույն չափը 800 մլն դրամ է:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ հիմնադրամներին փոխանցումները կարող են կատարել միայն կուսակցությունները կամ դաշինքներում ընդգրկված կուսակցությունները՝ իրենց պաշտոնական բանկային հաշիվներով: Բայց դրանց փոխանցվող գումարները կարող են կազմվել բացառապես ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից, որոնց առավելագույն սահմանը մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամ է։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժ։ Դրանց թվում է նաև «Բոլորին դեմ եմ» անունով շարժումը։ Ավելի քան 400 անդամ ունեցող այս նախաձեռնությունում հիմնականում երիտասարդներ են ներգրավված։ Հարց է առաջանում՝ այն քաղաքացիները, որոնք մինչև այժմ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն, արդյոք կարող են «Բոլորին դեմ եմ»-ը դիտարկել որպես ԿԸՀ-ի կողմից առաջարկվող առանձին տարբերակ, այսպես ասած՝ «բոլորին դեմ» քվեարկության ձև, այլ ոչ թե պարզապես հերթական կուսակցություն։
ԿԸՀ նախագահն ասում է՝ հանձնաժողովն այդտեղ անելիք չունի․ որ քաղաքական ուժից հայտ ստանա, այդ անունով էլ կտպվի քվեաթերթիկը։
«Քաղաքական ուժերն իրենց անուններն իրենք են որոում, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների հետ»։
Ըստ ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների և դաշինքների գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 45 օր առաջ։
ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ այդ ժամանակահատվածն ապրիլի 13-ից 23-ն է։