11 մարտի 2026 – 13:58 AMT
PanARMENIAN.Net – Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին հասցված հրթիռային հարվածից հայ երեխա է վիրավորում ստացել: Այդ մասին հայտնել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:
«Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական միության ապակիներն են փշրվել, հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- ասել է Քեշիշյանը, հայտնում է Factor.am-ը:
Նրա խոսքով՝ Իրանի այլ քաղաքներում ևս հայկական թաղամասերի մոտ հարձակումներ են եղել, սակայն հայերի շրջանում զոհեր կամ այլ վիրավորներ չկան:
Հարցին՝ ինչու է թիրախավորվել հենց Թեհրանի հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանել է․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, իսկ այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։
Քեշիշյանը նշել է, որ թեև երկրում պատերազմական իրավիճակ է, մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով։
«Մարդիկ իրենց խանութներն են գնում, իրենց փոքր աշխատանքներն անում են, խանութները բաց են, կյանքը նորմալ ընթանում է։ Բայց դրա հետ մեկտեղ՝ մեծ գործարանները փակ են, և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը, ինչպես, ասենք, մարզադահլիճները, փակում են, որպեսզի մարդկանց համար վտանգ չստեղծվի»,- նշել է նա։
Մարտի 9-ին Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Մոջթաբա Խամենեին, որը փոխարինել է սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Քեշիշյանի խոսքով՝ նոր առաջնորդի ընտրությունն իրենց համար սովորական հարց է, և մարդիկ նրանից փոփոխություններ են սպասում։
«Մարդիկ սպասում են՝ իրենց կյանքում փոփոխություն լինի։ Եվ նոր առաջնորդը, կարծում եմ, եթե առաջին մտահոգությունն այսօր պատերազմն է ու դրա կարգավորումը, ապա երկրորդ և հիմնական իր խնդիրը պիտի լինի ժողովրդի դժվարություններին լուծում և կառավարությանն ուղղություն տալը, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի։ Դա մնում է պատերազմից հետո»,- հավելել է նա։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ ՀՀ քաղաքացիների՝ զոհված կամ վիրավոր լինելու մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է Radar Armenia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ռամական գործողությունների արդյունքում հրթիռային հարվածի թիրախ է դարձել Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը: Մաջիդիեն համարվում է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկը։ Այն հայտնի է եղել իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում նշանակալի դեր են ունեցել իրանահայերը։