Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։
Նախագծի ընդունման դեպքում COP 17 Համաժողովի շրջանակում որոշակի կատեգորիաների անձինք կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, ինչպես նաև ժամանակավորապես կդյուրանա (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) մուտքի վիզա ձեռք բերելու կարգը:
«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (այսուհետ՝ COP 17 Համաժողով) պատշաճ կազմակերպելու, Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների և նրանց ուղեկցող՝ օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված պետությունների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք դյուրացնելու անհրաժեշտությամբ:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։
Վերոնշյալ միջազգային խոշոր միջոցառման պատշաճ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է (2025 թվականի ապրիլի 17-ի № 02/06.32/12553 հանձնարարական) Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք COP 17 Համաժողովի հետ կապված հանձնարարականները և աշխատանքները Կառավարության մյուս առաջնահերթությունների շարքում ևս համարել առաջնային՝ հաշվի առնելով COP 17-ի կարևորությունը, մեծածավալ աշխատանքները և սեղմ ժամկետները։
2025 թվականի սեպտեմբերի 26-ին Նյու Յորք քաղաքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման, որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը։
COP 17 Համաժողովն անցկացվելու է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետություն են ժամանելու օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներ և նրանց ուղեկցող՝ օտարերկրյա քաղաքացիներ։
Համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ՝ Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող է սահմանել` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով։
Ելնելով վերոգրյալ իրավակարգավորումներից՝ առաջարկվում է կառավարության որոշմամբ COP 17 Համաժողովի շրջանակում որոշակի կատեգորիաների անձանց ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, ինչպես նաև ժամանակավորապես դյուրացնել (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) մուտքի վիզա ձեռք բերելու կարգը և ազատել նրանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ։
«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման, որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» 1039-Ա որոշումից։