Պատերազմի արագ ավարտի խոստում և նավթի արագ գնաճ — Հայաստանի Հանրային Ռադիո

Նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ պատերազմն արագ կավարտվի և որ ամերիկացիներն ու իսրայելցիները, իբր, հասել են ռազմական օպերացիայի հիմնական նպատակներին:

Ոչ թե պատերազմ, այլ էքսկուրսիա

«Նավթի գնա՞ճ, չէ, դա ժամանակավոր անախորժություն է, հոգ մի արեք, ամեն ինչ վերահսկվում է»,- ասում է նախագահը, հավելելով, թե գիտեր, որ գները միառժամանակ կբարձրանան: Նա էքսկուրսիա է անվանում Իրանի վրա ռազմական հարձակումը:

«Մենք ձգտում ենք ցածր պահել նավթի գինը։ Այն արհեստականորեն բարձրացավ մեր այս էքսկուրսիայի պատճառով, այնպիսի էքսկուրսիա էր, որը շատերը չէին անի։ Ես գիտեի, որ նավթի գները կբարձրանային, եթե ես սա անեի, և դրանք, հավանաբար, ավելի քիչ են բարձրացել, քան ես կարծում էի։ Բայց ենթադրում եմ, որ քչերն են մտածել, թե մենք այսքան արագ հաջողության կհասնենք»,- ասել է Թրամփը։

Ամենաբարձր գինն անցած 4 տարում

Մի քանի օրով, թե երկար ժամանակով՝ նավթի գները վեր են թռել, «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել Է 120 դոլարի, ապա իջել 90-ից ներքև, բայց հետո նորից Է բարձրացել: Այդպիսով երեկ գրանցվել Է նավթի ամենաբարձր գինն անցած չորս տարում:

Երբ լրագրողները նորից են հետաքրքրվել, թե վերջն ինչ կլինի նավթի հետ, Թրամփն արձագանքել է, որ ունի ծրագիր, որը հաշվի է առնում բոլոր հնարավոր հանգամանքները, հետևաբար, անհանգստանալու կարիք չկա:

«Քսան անգամ ավելի ծանր կհարվածենք»

Իրանը սպառնացել է, թե կարգելափակի արտահանման բոլոր ուղիները և մեկ լիտր նավթ էլ թույլ չի տա դուրս հանել Հորմուզի նեղուցով: «Եթե Թեհրանը փորձի խոչընդոտել նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով՝ մենք քսան անգամ ավելի ծանր կհարվածենք»,- հայտարարել Է Վաշինգտոնը:

Թանկ բենզինը Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահի համար ծանր խնդիր է: Բենզինն ամերիկյան տնտեսության երակներով հոսող արյունն է, շարքային ամերիկացին երկու բանի է հավատում, առաջին՝ բենզինը միշտ պետք է լինի, և երկրորդ՝ այն պետք է էժան լինի:

Բենզինի գնաճ՝ նախագահի վարկանիշի անկում

Եվ երբ գինը սկսում է բարձրանալ՝ մեխանիկորեն սկսում Է իջնել նախագահների վարկանիշը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինը 3 դոլար 48 սենթ Է, մեկ շաբաթ առաջ՝ ընդամենը 3 դոլար Էր, մեկ գալոնը հավասար Է 3.8 լիտրի:

Վերջին շաբաթներին գործազրկության ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով: 92 հազար մարդ աշխատանք է կորցրել: Կենսամակարդակի անկում է, սա է ամերիկացուն հուզող թիվ մեկ խնդիրը: Եվ նա չի կարող չմտածել, որ բենզինի գնաճն այս կամ այն եղանակով բխում է Իրանի դեմ պատերազմից:

Այս արյունալի առճակատման մեջ են ներքաշվել Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետությունները: Օրական մոտ 20 միլիոն բարել նավթ փոխադրող լցանավերը մնացել են Պարսից ծոցում, չկարողանալով անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով:

«Սա լուրջ էներգետիկ ճգնաժամ է։ Որքանով ես կարող եմ դատել՝ սա ավելի մեծ խնդիր է, քան չորս տարի առաջ Ուկրաինայում սկված պատերազմը»,- ասել է Rystad Energy ընկերության ավագ տնտեսագետ Կլաուդիո Գալիմբերտի:

Նրա խոսքով, առավել մտահոգիչը Հորմուզի նեղուցի փակումն է, քանի որ նեղուցը նավթը և հեղուկացված բնական գազը Մերձավոր Արևելքից դուրս տանելու ամենաանարդյունավետ առևտրային ուղին է:

Հարկ եղած դեպքում կբացվեն ռազմավարական պաշարները

Մեծ 7-նյակը, որի կազմում են՝ աշխարհի տնտեսապես առավել զարգացած երկրները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան, քննարկում են նավթի ռազմավարական պաշարները բացելու և այդ միջոցով գնաճը զսպելու հնարավորությունը: Որոշում դեռ չկա:

Leave a Comment