«Միասնության թևեր» քաղաքական ուժի ղեկավար Արման Թաթոյանը, ով պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պնդում է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ նոր դիրքեր է կառուցել Հայաստանի օկուպացված տարածքներում, ընդլայնել վերահսկողությունն ու որոշ տեղերում առաջ եկել։ Հանրության շրջանում անհանգստություն հարուցած այս հայտարարությունը պաշտպանության նախարարը հերքել է՝ մեկ բառով անվանելով սուտ։ Այսօր պաշտպանության նախարարության դիմաց կրկին այս թեման է բարձրաձայնվել մի խումբ անձանց կողմից։
Արբանյակային մի շարք պատկերներ ցուցադրելով՝ առաջիկա ընտրություններին ընդդիմադիր դիրքերից մասնակցել պատրաստվող Արման Թաթոյանը պնդում է՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում՝ Վարդենիսի ու Ջերմուկի մոտակայքում, ավելի են ամրապնդել իրենց դիրքերն ու առանձին ուղղություններով առաջ եկել։
«Փաստերից ակնհայտ է՝ երբ ադրբեջանական իշխանություններն իմացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերի՝ TRIPP-ի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այդ գործողությունները՝ ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել»։
Նախկին ՄԻՊ-ի պնդումներին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը մեկ բառով դա բնորոշեց սուտ։
«Ամեն ինչը, այդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցը ուղղակի նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ։ Ես շատ կարճ կպատասխանեմ՝ ձեր նշած աձնավորությունը ստում է․ նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»։
Սուրեն Պապիկյանից այս թեմայով մի շարք այլ մանրամասներ ու հիմնավորումներ ստանալու ակնկալիքով մի շարք քաղաքացիներ հավաքվել էին պաշտպանության նախարարության դիմաց՝ նախարարին փոխանցելու նամակ։ Նախաձեռնողը կրկին Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությունն էր, որի ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է նամակի բովանդակությունը։
«Եթե դուք կարող եք՝ հերքել, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել, ապա հստակ փաստերով հերքեք»։
Թաթոյանի հայտարարությանը հասարակության շրջանում վախ և խուճապ տարածելու նպատակ է վերագրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում։
«Կարող եմ ասել, որ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեներից է, հատկապես այն շրջանակից, որը միտված է վախ, խուճապ և նման բաներ տարածել ՀՀ քաղաքացիների շրջանում։ Մեծ հաշվով, պաշտպանության նախարարը, կարծում եմ, առավել քան հստակ պատասխանել է այս հարցին, և այստեղ ինչ-որ հավելյալ բան ասելու կարիք չկա։ Արման Թաթոյանն էլ Սերժ Սարգսյանին ծառայելու համար թող ավելի հետաքրքիր գործունեություն փորձի ծավալել, քան ՀՀ քաղաքացիներին ստով ու կեղծիքով վախեցնել փորձելը։ ՀՀ սահմաններում խաղաղություն է, ՀՀ սահմաններից ներս խաղաղություն է, որքան էլ դա ցավ պատճառի Արման Թաթոյանին կամ նրա քաղաքական տեր Սերժ Սարգսյանին»։
Ալեքսանյանը փաստացի փոխանցում է իշխող ուժի դիրքորոշումը, որ ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքներից պետք է կատարվի խաղաղության օրակարգի շրջանակում՝ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում։ Վարչապետ Փաշինյանը, ի հեճուկս խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի վերապահումների, մեկ անգամ չէ, որ ընդգծել է այս հարցում իր վստահությունը։
ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահի խոսքով՝ այն հատվածներում, որտեղ դեռ չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, դա պետք է կատարվի խաղաղ և առանց արյունահեղության։
«Այն, ինչը մերն է, վերադառնալու է մեզ, այն, ինչը Ադրբեջանինն է, վերադառնալու է Ադրբեջանին»։
Հայ-ադրբեջանական խաղաղության հարցում շահագրգիռ եվրոպական կառույցներում ևս ակնկալում են, որ սահմանազատումը կարող է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման խնդիրը լուծել։ Լուծվող հարց է, բայց ոչ մեկ գիշերում՝ ավելի վաղ, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, ասել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Ես լավատես եմ։ Եվ, ընդհանուր առմամբ, երկու երկրներն էլ… Գիտեք, խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, խոսքը նաև ձեր երկրի մասին է, որը նպաստել է այս խաղաղության հնարավորությանը: Ես կարծում եմ, որ այս մթնոլորտը հիմա նպաստավոր է բոլոր վեճերի քննարկման, նաև հաշտեցման առումով։ Սա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում, բայց ես հավատում եմ դրան, քանի որ տեսնում ենք, որ զարգացումները գնում են ճիշտ ուղղությամբ, և դեռ շատ բան պետք է արվի»:
Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանության մասին լրագրողների հարցերին Կոսն արձագանքել էր, որ, այնուամենայնիվ, երկու երկրներից էլ դրական ազդակներ է ստացել, և որ Ադրբեջանը, իր համոզմամբ, ևս լրջորեն է վերաբերվում խաղաղությանը։