Թանկ տոմսեր և անորոշություն․ ԱՄԷ-ում մնացած հայերը փորձում են վերադառնալ Հայաստան

Դարձյալ հետաձգվել են Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան իրականացվող մի շարք թռիչքներ։ ՀՀ քաղաքացի տասնյակ զբոսաշրջիկներ դեռևս Շարժայում և Դուբայում են։ Նրանցից շատերը ստիպված են սեփական միջոցներով հոգալ կեցության և նոր տոմսերի ծախսերը, իսկ վերադարձի հնարավորությունները մնում են անորոշ։

Միաժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների տեղափոխումը դեպի Օմանի Մասկատ քաղաք, որտեղից նախատեսվում են Երևան չվերթներ։

Զրուցակիցս, որը չցանկացավ ներկայանալ, 5 տարեկան և 8 ամսական երեխաների ու ծնողների հետ փետրվարի 24-ից Շարժայում է։ Մեկնել են հանգստի։ Վերադարձը նախատեսված էր մարտի 6-ին, սակայն ապրիլի մեկից Շարժայից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները չեղարկված են։ Նոր տոմսեր են գնել արդեն Դուբայից թռնելու համար։

«Թռիչքը պետք է լինի Դուբայից՝ այլ ավիաընկերությամբ։ Բայց դեռևս վստահ չենք, թե այդ թռիչքը իրականում կկայանա, թե ոչ»։

Այս օրերին կեցության ու մնացած բոլոր հարցերը սեփական միջոցներով են հոգացել, որևէ կառույցից օժանդակություն չեն ստացել։ Ասում է՝ չի պատկերացնում, թե ինչպես կարող է երկու անչափահաս երեխայի հետ շարունակել մնալ այդ պայմաններում։

«Մենք դիմեցինք նաև մեր տուրօպերատորին, խնդրեցինք գոնե  մասամբ աջակցություն ցուցաբերել, բայց մերժեցին։ Առայժմ կարողանում ենք ինչ-որ կերպ հոգալ ծախսերը մոտ մեկ շաբաթ կամ տասը օր, բայց հետո արդեն չգիտենք՝ ինչ կլինի, եթե թռիչքները կրկին հետաձգվեն»։

Մարտի 7-ի առավոտյան հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ և թռիչքը կիրականացվի։

Նատա Հարությունյանը, որն ընկերուհու հետ մեկնել էր Դուբայ՝ ծովային շրջագայության, օդանավակայանում է եղել, երբ հայտարարել են, որ թռիչքը հետաձգվում է։

«Մի քիչ լարված եմ, բայց ամեն ինչ նորմալ է, ոնց որ օդակայանը փորձում է սկսել աշխատանքը»։

Դուբայում բնակվող, բայց հաճախ Երևան այցելող մյուս զրուցակիցս՝ Եվա Ստեփանյանը, «Ռադիոլուր»-ին պատմում է, որ հրթիռի բեկորներ են ընկել Դուբայի օդանավակայանի տարածքում։ Եվան ասում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում անվտանգությանը մեծ ուշադրություն են դարձնում, և նույնիսկ փոքր կասկածի դեպքում օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է։ Սա այդ դեպքերից է։

«Այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքից հետո օդանավակայանի գործունեությունը նույնպես ժամանակավորապես սահմանափակվել է։ Ուղևորներին խնդրել են սպասել, մինչև անվտանգության ծառայությունները և տեխնիկական համակարգերը մանրակրկիտ ստուգել են տարածքը։ Ստուգումներից հետո արդեն սկսվել է ուղևորների նստեցումը, և թռիչքները աստիճանաբար վերականգնվում են»։

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ նրանց հետ մշտական կապի մեջ են։ Այդ քաղաքացիներից 38-ի համար, որոնք ճամփորդել են «Qatar Airways»-ի օդանավով, ավիաընկերությունն ապահովել է կեցության, սննդի բոլոր պայմանները։

Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, այդ հարցում նրանց աջակցել է Դոհայում ՀՀ դեսպանությունը։ Անի Բադալյանը նաև տեղեկացրել է, որ մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Կատարում է գտնվում ևս 3 քաղաքացի, որոնց վերադարձի տարբերակները ևս քննարկվում են։

Դուբայում բնակվող Եվա Ստեփանյանն ասում է, որ ծանոթ է այս օրերին հայ զբոսաշրջիկների առջև ծառացած խնդիրներին, ամեն օր է շփվում նրանց հետ։

«Այստեղ կան մարդիկ, որոնց համար իրավիճակը շատ ավելի բարդ է։ Կան մարդիկ, որոնք ամբողջ տարի աշխատել են, ինչ-որ գումար են հավաքել, որպեսզի գան հանգստանալու։ Հիմա իրենց հանգստի ժամկետը ավարտվել է, բայց դուրս գալու հնարավորություն չունեն։

Ոմանք նույնիսկ մնալու տեղ չունեն կամ բավարար ֆինանսական միջոցներ չունեն նոր տոմսեր գնելու համար։ Այդ մարդիկ փաստացի մնացել են օդում կախված վիճակում»։

Ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ նախարարարությունը զբոսաշրջիկների կեցության և տոմսերի հարցերով չի զբաղվում: Իրենք հոգում են միայն Դուբայից ու Աբու Դաբիից Մասկատի օդանավակայան տեղափոխվելու հարցը։ Այնտեղից արդեն Fly one ընկերությունը կազմակերպում է Երևան թռիչքներ։

Զրուցակիցս ասում է, որ այնտեղից թռնել չէր կարող, որովհետև տոմսերը չափազանց թանկ են։

Մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անվճար տեղափոխում են կազմակերպում Օմանի օդանավակայան։

Leave a Comment