Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը հարևանների նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշում է կայացրել նոր հարվածներ չհասցնել Մերձավոր Արևելքի երկրներին, եթե նրանց տարածքից հարձակումներ չեն իրականացվում։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Mehr-ին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա ներողություն է խնդրել հարձակումներից տուժած հարևան երկրներից. «Ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշեց, որ այլևս չեն լինի հարձակումներ հարևան երկրների վրա և հրթիռների արձակումներ, քանի դեռ նրանց տարածքից հարձակում չի եղել Իրանի վրա»,- ասել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը հարևանների նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Թեհրանի թշնամիները պետք է «իրենց հետ գերեզման տանեն» Իրանի անվերապահ կապիտուլյացիայի մասին երազանքը։
Ըստ նախագահի՝ Իրանը հավատարիմ է միջազգային իրավունքին, հումանիտար նորմերին և սկզբունքներին, որոնց մասին հաճախ հիշատակում է հակամարտող կողմը։
ՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի։ Թեհրանը պատասխանել է հարվածներով Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակից երկրների ամերիկյան օբյեկտներին։
Հարվածների թիրախի տակ են հայտնվել ռազմական ենթակառուցվածքներ, սակայն տուժել են նաև քաղաքացիական օբյեկտներ։ Իրանը գրոհել է նաև ԱՄԷ–ն և Քուվեյթը, իրենց օդային տարածքում ԱԹՍ–ների և հրթիռների ոչնչացման մասին հայտարարել են Քուվեյթը, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ։ Կանոնավոր կերպով հարձակումների են ենթարկվում իսրայելական քաղաքներ։
Ադրբեջանի իշխանությունները մարտի 5-ին հայտարարել են, որ իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի շենքը, տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Ադրբեջանական կողմի վարկածով՝ թիրախներից մեկն էլ եղել է դպրոցը։ Բաքուն սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, ամերիկա-իսրայելական գործողության սկզբից ի վեր իրանական կողմից զոհվել է 1332 խաղաղ բնակիչ։ Զոհերի և տուժածների մասին հաղորդվել է նաև տարածաշրջանի այլ երկրներում։