Երևանի մետրոպոլիտենը նշում է հիմնադրման 45-ամյակը։ Այդ առիթով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով մետրոյի կարևոր դերը քաղաքի ենթակառուցվածքներում։
Քաղաքապետի խոսքով՝ դեռևս 1970-ականներին երևանցիների համար անհավանական էր թվում, որ Երևանի նման քաղաքը կարող է ունենալ մետրո։ Սակայն այն դարձավ իրականություն՝ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ և մեծ աշխատանքի շնորհիվ։
Այսօր էլ, ինչպես նշել է Ավինյանը, բազմաթիվ զբոսաշրջիկներ զարմանում են, երբ տեսնում են, որ համեմատաբար փոքր քաղաքն ունի նման մասշտաբի ստորգետնյա տրանսպորտային համակարգ։ Նրա խոսքով՝ մետրոն Երևանի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, և անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար արդիականացնել այն։
Քաղաքապետը տեղեկացրել է, որ հիմնադրման օրվանից հետո առաջին անգամ իրականացվում է ժամկետանց ռելսերի և անվտանգության մեխանիզմների փոխարինում։ Բացի այդ, չորս կայարաններում՝ գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվել են շարժասանդուղքները։ Բոլոր կայարաններում փոխվել են մուտքի և ելքի դռները, որոնք այժմ հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Առաջին անգամ փոխարինվում են նաև օդափոխության հին համակարգերը։
Ավինյանը շնորհակալություն է հայտնել մետրոյի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր ապահովում են դրա անխափան աշխատանքը, որպեսզի հազարավոր երևանցիներ ամեն օր արագ և անվտանգ հասնեն իրենց նպատակակետին։