Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է հնչեղ գործերով փաստաբան Ռուբեն Հակոբյանին:

Փաստաբանի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է դեռ 7-8 ամիս առաջ՝ վկայի վրա ներգործություն ունենալու մեղադրանքով: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեց Հակոբյանի շահերի պաշտպան Արմեն Ֆերոյանը, որ «ակնհայտ ապօրինի» է համարում մեղադրանքը ու շեշտում՝ քրեական գործով վկայի վրա ենթադրյալ ազդեցությունը տեղի է ունեցել ավելի քան երեք տարի առաջ:

«Նկատի ունեցեք, որ խոսքը, եթե չեմ սխալվում, երեք կամ չորս տարի առաջ տեղի ունեցած գործողություններին է վերաբերում։ Այսինքն՝ քրեական գործն արդեն ավարտվել է, դատավճիռ կա, հետևաբար՝ խոսել, որ վկայի վրա ազդեցություն են գործադրել, բացարձակապես իրականության հետ աղերս չունի», – նշեց ձերբակալված փաստաբանի պաշտպանն ու շեշտեց. – «Բա եթե գործադրել են, էլ էդ դեպքում ինչի՞ եք էդ վկայի ցուցմունքը հիմք ընդունել ու վերջնական դատական ակտ կայացրել, որը մտել է օրինական ուժի մեջ»։

Չնայած փաստաբան Ռուբեն Հակոբյանը ներգրավված է մի շարք քաղաքական հնչեղություն ունեցող աղմկահարույց գործերով, բայց նրա պաշտպանը նշեց, որ քրեական վարույթը, որի հետ կապված մեղադրանք է առաջադրվել ու ձերբակալվել է փաստաբանը, կապ չունի դրանց հետ: «Կենցաղային քրեական գործ է, ո՛չ քաղաքական», – հավաստիացրեց Ֆերոյանը:

Leave a Comment