6 մարտի 2026 – 16:26 AMT
PanARMENIAN.Net – Դաշնակցությունը կա և լինելու է, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին:
«ԱԺ-ում իր հերթական ջղաձգումների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար և իրենց հանձնառությունն է այնպես անել, որ Դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ ևս հիշեցնեմ․ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես և քո վարչախումբը, որը Ալիևի հետ համատեղ հայաթափեց Արցախը, այնուհետև ՀՀ-ից շուրջ 240 կմ տարածք՝ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերով, հանձնեց Ադրբեջանին»,-ասել է Սաղաթելյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Նա հիշեցրել է, որ նախկինում էլ «այլ սուլթաններ և բոլշևիկներ ևս փորձել են այնպես անել, որ ՀՅԳ-ն չլինի»:
«Հիմա նրանք և այդ համակարգերը չկան, իսկ Դաշնակցությունը կա և լինելու է՝ շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետությունը և ժողովրդին բոլոր սպառնալիքներից՝ ի հեճուկս ձեզ և ձեր տերերի»,-ասել է Սաղաթելյանը:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, թե իրենց քաղաքական պատասխանատվությունից մեկն այն է, որ ՀՅԴ նման կուսակցություններ Հայաստանում չլինեն: Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերվել է երկրում առկա բռնության մթնոլորտին։
«Քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն, և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երեւույթ ա, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացեք․․․Մեր քաղաքական պատասխանատվությունից մեկն էն ա, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն՝ որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս: Քանի դեռ այդպիսի կուսակցություն կա Հայաստանում, այդ պրոբլեմը լինելու է»,-ասել է նա: