Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումը շարունակում է մնալ Երևանի և Մոսկվայի օրակարգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում թեմային առնչվող որոշ փակագծեր է բացել՝ անդրադառնալով պայմանագրի բովանդակությանը։ Փաշինյանը շեշտել է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և անհրաժեշտության դեպքում Երևանը կարող է խզել գործող պայմանագիրը, սակայն կառավարությունը նախընտրում է հարցը լուծել գործընկերային քննարկումների միջոցով։
Հայաստանի վարչապետն իրատեսական չի համարում այն հեռանկարը, որ Հայաստանի կոնցեսիոն կառավարման իրավունքը ռուսական կողմը փոխանցի երրորդ երկրի, որն ընդունելի չլինի Հայաստանի համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արձագանքելով «Ռադիոլուր»–ի հարցին։ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագրի 10․1 հոդվածում սահմանվում է, որ կոնցեսիոները կարող է ակտիվները կամ հողամասերը երրորդ անձի փոխանցել վարձակալության կամ օգտագործման իրավունքով առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։
«Կարծում եմ, անկախ ձեր մեջբերածից, ձեր նշածը իրատեսական սցենար չէ։ Նման սցենար չի կարող լինել, որովհետև այդ դեպքում համաձայնության կարիք չկա, բայց եթե գործողություն լինի, որը մեզ համար անընդունելի է, մենք էլ կարող ենք մեր կողմից պայմանագիրը խզել. հարցը դա չէ»։
Արդյո՞ք հայկական կողմը Ռուսաստանի հետ քննարկել է երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հնարավորությունը, և կա՞ն արդյոք պարզաբանումներ ռուսական կողմից՝ այդ երկրից հնչած կոշտ հայտարարությունների ֆոնին։ Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, վերջերս անդրադառնալով հարցին, համոզմունք էր հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ը կփլուզվի, եթե կոնսեցիոն կառավարիչը փոխվի։ Վարչապետի խոսքով՝ հարցը քննարկվում է երկուստեք աշխատանքային մակարդակում ։
«Այո, քննարկումներ կան աշխատանքային մակարդակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ և մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք»։
Հայկական կողմի բարձրացրած հարցը Ռուսաստանի դեմ ուղղված չէ, այլ պայմանավորված է այն մտահոգությամբ, որ այժմյան իրավիճակում Հայաստանը կարող է կորցնել իր մրցակցային առավելությունները։ Որևէ այլ մոտիվացիա հայկական կողմը չունի՝ վստահեցրեց վարչապետ Փաշինյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հասնել կոնկրետ լուծումների։
Արդյո՞ք Երևանը պաշտոնապես առաջարկել է Մոսկվային կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխություն․ «Ռադիոլուր»–ի այս դիտրակմանն ի պատասխան՝ վարչապետը շեշտեց, որ հարցը գործընկերային քննարկումների փուլում է, և հայկական կողմը չի շտապում հարցը պաշտոնական ձևաչափով ֆորմալացնելու։
«Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկումներ ենք անում և մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել։ Մեր խնդիրը աշխատելն է, աշխատում ենք»։
Ի պատասխան ճշտող հարցի՝ արդյոք ձևավորված «ըմբռնումը» նշանակում է, որ ռուսական կողմը պատրաստ է կառավարման իրավունքը փոխանցելու երրորդ երկրի, վարչապետը հակիրճ արձագանքեց՝ նշելով, որ խոսքը պարզապես թեմայի շուրջ ըմբռման մասին է։
Հայաստանի երկաթուղին երկրի սեփականությունն է, և Երևանը իրավական առումով կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը՝ շեշտեց վարչապետը։ Կառավարությունը, սակայն, նախընտրում է հարցը լուծել գործընկերային ճանապարհով՝ Ռուսաստանի հետ քննարկումների միջոցով, ասաց․
«Մեզ պետք չի գնալ ինչ-որ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք. խոսենք, քննարկենք։ Վա՞տ բան ենք անում։ Միշտ էլ պայմանագիրը խզելը վատ բան է։ Պետք է պայմանավորվել, պետք է խոսել։ Ինչու՞. մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ մեր անձնական հարաբերությունները, թույլ չեն տալիս, որ մենք գնանք գնանք այդ ճանապարհով։ Դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում։ Եվ ընդհակառակը՝ մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք»։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Կատարը և Քուվեյթը հետաքրքրված են հայկական երկաթուղու կառավարմամբ, Նիկոլ Փաշինյանը փակագծեր չբացեց, նշեց միայն, որ տարբեր փուլերում կարող են տարբեր քննարկումներ լինել, սակայն կարևորը վերջնական արդյունքն է։