Շահին Շիխլինսկին և Ուրալի ադրբեջանական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ դատապարտվել են ազատազրկման

Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանը Ուրալում բնակվող ադրբեջանական սփյուռքի անդամներին մեղավոր է ճանաչել 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի մեջ, հայտնում է ՌԲԿ-ն։

Շրջանի ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին ստացել է ամենախիստ պատիժը՝ 22 տարի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Ակիֆ, Այազ, Բաքիր, Քամալ, Մազահիր Սաֆարովները և Շուջահադդին Ռաջաբովը դատապարտվել են 10-ից 21 տարվա ազատազրկման։

Նշվում է, որ դատապարտյալներն առաջին չորս տարին կանցկացնեն բանտում։ Միայն մեկ մեղադրյալ է ընդունել մեղքը։

Փետրվարի կեսերին ատենակալների դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել 2001-2011 թվականներին կատարված սպանությունների մեջ։ Շիխլինսկուն մեղավոր են համարում գործարար Յունիս Փաշաևի սպանության և Տագանսկի Ռյադի շուկայում հագուստ վաճառող Ֆեխրուզ Շիրինովի սպանության փորձի մեջ ներգրավված լինելու համար։

Շիխլինսկու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2025 թվականի հուլիսի վերջին։ Նա ձերբակալվել էր օգոստոսի սկզբին Մոսկվայում և տարվել Եկատերինբուրգ։

Leave a Comment