Հայաստանը կանխատեսել և պատրաստվել էր․ ՀՀ վարչապետը բացահայտում է ԱԽ աշխատանքային նոր խումբը

Հայաստանը երբեք իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չի դրել ու չի դնելու, Հայաստանի մոտեցումը միշտ հետևյալն է՝ առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Հայաստանը միանալու ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան հանելու հարցը։ Վարչապետը հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք։ Բայց նույն խնդրին անդրադարձել է նաև ԵԱՏՄ առնչությամբ։ Մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք»,-հայտարարել է վարչապետը։ Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նա անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային իրադարձություններին։

2026–ի ապրիլ–մայիս ժամկետն է շրջանառվում ադրբեջանական մամուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, դժվարանում է պարզաբանել այս հարցն այն պատճառով, որ Հայաստան–Ադրբեջան բանակցությունների ինչ–որ մի փուլում պարզվել է, որ տնտեսական հարցերը առաջ են անցել քաղաքականից։

«Եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20 հարցնեիք` ե՞րբ է Ադրբեջանի հետ նախաստորագրվելու խաղաղության համաձայնագիրը, ես չէի ունենա այդ հարցի պատասխանը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում և ամենօրյա աշխատանքը, չեմ կարող ասել` ինչքան կտևի։ Հիմա, կարծես թե, տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը։ Օգոստոսի 8–ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար, և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունենամ` հնարավորինս շուտ նաև ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»։   

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում գործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար ստացած «Զայեդ» մրցանակի գումարային իր բաժինը Հայաստանի վարչապետը, ի դեպ, արդեն ստացել է։ 1 մլն դոլարի մրցանակային ֆոնդը պետք է կիսվեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետ Փաշինյանը նախապես տեղեկացրել էր, որ գումարն ուղղվելու է հանրային կարիքներին:

«Այո, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու և չի բացառվում՝ նախկինում կայացրած իմ մտածածի ուղղությունը փոխեմ։ Եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»։  

Հայաստանի ներքաղաքական դաշտում, սակայն, խաղաղության թեմային զուգահեռ շրջանառվում է մեկ այլ տեղեկություն, որը առաջինը հրապարկեց Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։ Օգտվելով արբանյակային լուսանկարներից՝ նա պնդում է, որ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսում, ադրբեջանական նոր դիրք է տեղակայվել և ՀՀ տարածք ներխուժման դեպք է արձանագրվել։

«Սա սահմանն է հայ–ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ և սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։ Մինչև հուլիսի 31–ը 2025 թ. այս դիրքը գոյություն չի ունեցել։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք, տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19։ Ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Սա արդեն այդ նույն դիրքից դեպի մեր քաղաքացիական բնակավայր, մասնավորապես, Կութ գյուղը Վարդենիս համայնքի, նորից նրանց նշանառությունն է»։

Նախկին օմբուդսմենը մեղադրում է գործող իշխանությանը իրողությունը հանրությունից թաքցնելու համար։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը այս հայտարարություններին այսպես է արձագանքում․

«Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ–ում այս թեմայի առնչությամբ ավելի վաղ հայտարարել էր․

«Այս ամեն ինչը, այդ հրատապ ասուլիսները, հարայ–հրոցը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»։

Իշխանությունը պնդում է, որ հաջողվել է կայուն իրավիճակ հաստատել և պահել անգամ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների և տարածաշրջանային լուրջ վտանգների պարագայում։ Հայաստանի վարչապետը պարզաբանում է, որ դա մեծապես կախված է նաև այն աշխատանքային խմբի գործունեությունից, որի մասին նա առաջին անգամ խոսեց․

«Նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պետք է առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկը չհարցրեց՝ այդ աշխատանքային խումբը ե՞րբ է ձևավորվել Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը մի տարի, տարի ու կես առաջ է ձևավորվել, և այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամեն ժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով է աշխատում։ Այն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Ոչ թե այդ օրը առավոտյան պետք է վարչապետը ափալ–թափալ որոշումներ կայացներ, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից ինստիտուցիոնալ առումով եղել է այդ աշխատանքը։ Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը անհոգ է, ո՛չ։ Երբ  բոլոր մնացածին էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր և որոշումները կայացնում»։

Հայաստանի անվտանգային իրավիճակը նկարագրելու համար ամեն դեպքում վարչապետը չբավարարվեց կարճ ձևակերպումներով։

«Անվտանգությունը երբեք շատ չի լինում։ Որևէ երկիր չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա։ Մեր դեպքում՝ առավել ևս, որովհետև այդ ամեն ինչը, ինչ–որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև պրոցես է, և այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք։

Բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ և պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանքը շարունակել»։

Հետագան, հատկապես տարածաշրջանի ապաշրջափակման առումով, վարչապետ Փաշինյանը տեսնում է Հայաստան–Ադրբեջան–Վրաստան միասնական աշխատանքի տեսքով։

«Երբ մենք 50 բեռնատարի մասշտաբով ենք նայում, պարզ է, որ կարող է ընկալում լինի, թե երեք երկրները 50 բեռնատարի համար ինչպես պայքարեն, որ իրենց միջով անցնի, որ ինչ–որ մի գումար աշխատենք։ Բայց եթե մենք հարցին նայենք 500 000 բեռնատարի մասշտաբով, մենք կհասկանանք, որ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ենթակառուցվածքները և մի բան էլ ռազմավարական ներդրումով, բավարար չեն այդ հոսքերը ապահովելու համար, և մենք պետք է ոչ թե մտածենք այս 50 բեռնատարը ոնց իրարից տանենք, պետք է մտածենք 500 000 բեռնատարի համար՝ ինչպե՞ս Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգ, արագ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով հոսեն՝ բոլորիս բերելով տասնյակ միլիարդների օգուտներ։ Սրա մասին է խոսքը։ Էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային։ Ցանկացած, ամեն ինչի մասին է սա»։

Հայաստանի վարչապետի տպավորություններով՝ հարևան երկրներում ընկալումը փոխվում է։ Նա հաջողություն է համարում, որ գործընկերների հետ այս թեմայով խոսակցություններ սկսելու նախանշաններ արդեն կան։

Leave a Comment