Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ունեցած իր ելույթում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, առաջարկել է դիմել իրենց «շեֆի տղային» հարցնել, թե պետությունը պահանջում է նրանից ու հորից՝ Ռոբերտ Քոչարյանից, ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք գումար ու գույք՝ որպես ապօրինի ձեռք բերված, ինչի՞ չեն վճարում:
«Գիտե՞ք ինչի չեք ասի. որովհետև այդքան չկաք, որովհետև ինքը ձեր շեֆի տղան է: Դուք ձեր շեֆի տղայի կրտսեր գործընկերների կրտսեր գործընկերն եք: Աշխարհում նման բան լսե՞լ եք, որ ապօրինի գույքի որսորդը, ինչպիսին իրեն ներկայացնում է տիկին Գրիգորյանը գա, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ասի՝ ինչի է անցած տարի այսքան միլիոն հետ բերվել բյուջե, ոչ էսքան: Կգնաք ամբողջ խմբակցությունով շեֆի մոտ, կասեք՝ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեք կրելու, գնա, մուծի բյուջե: Սպասում ենք, 200 միլիոնը հետ բերեք բյուջե։
Եկել ասում են՝ ինչի եք պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիան, որի մասին դուք խոսում եք, կոռուպցիա չի, քանի որ մենք ենք արել: Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանո՞ւմ եք, որովհետև դուք եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար: Դուք այլ գործառույթ չունեք»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիրներին: