2025–ի տնտեսական աճն ու հարկային եկամուտները կանխատեսվածից ավելի են եղել։ Վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ պետական կառավարման համակարգը սկսել է ավելի մոտիվացված աշխատել այն բանից հետո, երբ 2025–ի մարտին քննարկման դրվեց արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգ ներդնելու հարցը։ Հարկերը հավաքվում են, գործադիրում որոշել են այդ գումարով բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։
Ապրիլի 1–ից Հայաստանում կենսաթոշակները կավելանան մոտ 10 հզր դրամով։ Այս մասին մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց Հայաստանի վարչապետը, ապա նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Կառավարության՝ մարտի 5-ի նիստում այդ հայտարարությունը իրավական կարգավորում ստացավ։ Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 հզր 993 դրամից կդառնա 59 հզր 181 դրամ, զինվորական կենսաթոշակինը 96 հզր 321 դրամից կբարձրանա 104 հզր 852 դրամ:
Կավելանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյան․
«623 հզր 353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հզր դրամ և ավելի, մնացած 39 հզր 594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8․500 դրամով։ Նրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինը 95 հզր դրամ է»։
Արսեն Թորոսյանն ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցողների նպաստը ևս կավելանա 10 հզր դրամով։
«Տեղեկացնեմ, որ 1-ին երկրորդ և երրորդ խմբի և ֆունկցիոնալության խոր, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստը այսօր 39 հզր, 37 հզր 500 և 36 հզր դրամ է։ Դրանք դառնալու են 49 հզր, 47 հզր 500 և 46 հզր դրամ»։
2025–ի տնտեսական աճն ակնկալվածից ավելի է եղել։ Կենսաթոշակներն ու նպաստներն ավելացնելու որոշումը կարևոր է սոցիալական քաղաքականության արդյունքը կապիտալիզացնելիս՝ արձանագրում է վարչապետը։
«Քանի որ մենք 2021 թ. մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք, այսպիսով՝ նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղից ավելի է, և միջին կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքից»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է՝ զամբյուղում նաև առողջապահական ծախսերն են, որոնք կատարվում են առողջության ապահովագրության համակարգով։
Գործադիրը հիշեցնում է, որ անկանխիկ առևտուր անելիս էլ 20 կամ 22 % հետվճարի համակարգն է գործում։ Վերջին տվյալներով միայն 9․200 քաղաքացի է մնացել, որոնց բանկային քարտերը պետք է ընտրվեն ինքնաշխատ եղանակով։ Բոլորն էլ արդեն հաջորդ ամիս կստանան իրենց հասանելիք գումարը՝ խոստանում է ԱՍՀ նախարարը։ Բացի այդ՝ ապրիլի 1–ից կենսաթոշակը կտրվի միայն քարտային եղանակով։ Նիկոլ Փաշինայնն անկանխիկ առևտրի դրական գործոններն է մատնանշում․
«Նախ՝ այդ գումարը ավելի անվտանգ է, գումարի յուրաքանչյուր շարժ՝ հետագծելի, երկրորդը՝ սահմանափակում ունեցող մարդը, առավել ևս թոշակը ստանալու համար, ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, այսինքն` իր սեղանին կամ դրամապանակի մեջ քարտը դրված է, թոշակը գալիս է։ Եթե նույնիսկ ինքը տալիս է ինչ–որ մեկին, որ իր համար առևտուր անի, այդ դեպքում էլ է հետագծելի՝ ինչ ձեռք բերվեց, ինչ գնով, արդյոք ձեռք բերվեց այն, ինչ ակնկալվում էր»։
Կենսաթոշակի և նպաստի բարձրացումը սոցիալական պատասխատնատվություն է և լրացուցիչ ծախս, որը ևս հաշվարկված է նախագծում։Ապրիլի 1-ից կենսաթոշակների, նպաստների ավելացումը մոտ 78 մլրդ հավելյալ դրամ կպահանջվի: Ֆինանսների նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ հստակացված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները։ Ըստ նախարարության՝ անհրաժեշտ է ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկներ ներկայացնել, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի կատարել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը։ Նախարարությունը միաժամանակ առաջարկել է տարվա տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթորեն ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետև ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։
Փոխվարչապետը կառավարության նիստում ընդգծում է՝ աշխատանքային քննարկումների ժամանակ է ձևավորվել Ֆինանսների նախարարության դիտարկումը․
«Այսպիսի ավելացումը մակրոտնտեսական տեսանկյունից ռիսկ է, որ պետք է կառավարել ֆինանսական ծախսերի ավելացման տեսանկյունից, ինչը մենք քննարկած ենք եղել, և լուծումները նախապես գտել ենք հենց Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի հետ։ Իհարկե, այսօրվա քննարկման հարցը չի սա, որովհետև մենք խոսում ենք ոչ թե բյուջետային միջոցներ հատկացնելու, որը առանձին որոշմամբ կլինի հաջորդիվ, այլ միայն քաղաքականությունը փոխելու մասին։ Մեր քննարկումները առնվազն ցույց են տվել, որ մենք երկու բան ենք անելու․ առաջինը՝ հատկացումները կատարելու ենք եռամսյակային կտրվածքով՝ լրացուցիչ հատկացումները, որպեսզի տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի մեր տեսադաշտում և խելամիտ կարգավորումների ներքո, և երկրորդը՝ վստահ ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հետ նաև նախապես քննարկումներով Ձեր իսկ նշած արդեն ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա հարկային նոր եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրագործվելու են, իրացվելու են»։
Ֆինանսների նախարարն ընդգծում է, որ երբ 2026–ի բյուջեն էին պլանավորում, կարծում էին, որ 2025–ին նախատեսվածից 30 մլրդ դրամով քիչ եկամուտ ենք ունենալու։ Եկամուտը կա, դրան ավելանում է տնտեսական աճի կանխատեսվածից ավելի բարձր ցուցանիշը։ Ուստի ակնկալվում է, որ առնվազն 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է լինելու, քան պլանավորել են․
«Բնականաբար, մենք նաև պահուստային միջոցներ ունենք, որոնք նախատեսված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրները լուծելու համար։ Այս երկու աղբյուրներից մենք կկարողանանք ֆինանավորել»։
Ոլորտի պատասախանատուն վստահեցնում է, որ հաշվարկներն արված են, և հայտնի են հատկացումների աղբյուրները։