5 մարտի 2026 – 17:04 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ընդդիմությանը կոչ է արել իմպիչմենտով հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ըստ նրա՝ հայտնի չէ, թե ինչ կլինի մինչև հունիս՝ «ի՞նչ է մնալու երկրից»:
«Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից: Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:
Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից… Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են:
Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:
Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»,-գրել է նա:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին` նշելով, որ խորապես մտահոգված է վերջին շրջանում երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։
ՀՀԿ-ն կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ «վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ: