Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Ու հիմա՝ Մեղրին:
Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:
Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:
Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:
Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:
Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:
Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի:
Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:
Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:
Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:
Վազգեն Սարգսյանը սա գրել է 1999 թվականի հոկտեմբերին…

Կենսագրությունը
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։

Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից։
1990-1991թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։

Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության և խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսևորվեց բանակաշինության ընթացքում։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-1993թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
1993-1995թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-1998թթ. գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է «Երկրապահ Կամավորականների միությունը», ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։

1999-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսևորեց պետական տաղանդավոր գործիչի նոր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։
Նրա անունով են կոչվել են դպրոցներ, Ռազմական ակադեմիան, հանրապետաան մարզադաշտը։