Ներկուսակցական քարոզարշավի շրջանակում մարզային հանդիպումները կարևոր են, որպեսզի գործող իշխանությունը շահառուների շրջանում փորձի պարզել տպավորությունները կատարվող բարեփոխումներից։
Ըստ վարչապետի՝ հանրության շրջանում արձանագրել են դրական ընկալում։ Առաջնային տպավորությունները կապված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ, որից երրորդ ամիսն է, ինչ քաղաքացիներն դրանից օգտվում են և զգում են այդ ծրագրի արդյունավետությունը։
Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են, վրացի պաշտոնակցի հետ հանդիպումների մասին խոսելիս ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկված հարցերն անդրադարձել են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տրանսպորտային և մնացած բոլոր ոլորտներին։ Ըստ վարչապետի՝ կողմերը հանգել են կոնկրետ եզրակացությունների հետագա աշխատանքը կազմակերպելու համար։ Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ ասում է վարչապետը։
Սակայն, բանակցությունների այսպիսի ներկայացումը չբավարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին։
«Բեռնափոխադրողների և մեր տնտեսվարողների խնդիրների մասին, որոնք պարբերաբար առաջանում են Վրաստանի Հանրապետությունում, կոնյակ արտադրողների, գյուղատնտեսությամբ զբաղվող այլ մեր հայրենակիցների և արտահանման ու ներմուծման խնդիրների մասին, որն առաջացնում է մեր հայրենակիցների վրդովմունքն ու դժգոհությունը։ Մեր հայրենակիցները կեղեքվում են հենց այդ ճանապարհին և ստիպված են լինում շաբաթներով, ամիսներով հերթ կանգնել։ Դուք այդ հարցը բարձրացրե՞լ եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ, օրեր շարունակ կանգնում են այնտեղ` ձնի, բքի, անձրևի, եղանակային վատ պայմաններին»։
Ընդդիմադիր պատգամավորի հարցում վարչապետն անկեղծություն չտեսավ և ուղիղ պատասխանի փոխարեն արձագանքեց․
«Ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե դուք ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ և ո՞ր իրավապահ մարմին եք դիմել։ Այսինքն` ձեր սադրանքներով, ես կարծում եմ, որ դուք ուզում եք պրոբլեմներ ստեղծեք, որ հետո գաք և այդ պրոբլեմների մասին խոսեք։ Կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային, արտահանման և ներմուծման խնդիրները։ Բոլոր այն հարցերը, որ Հայաստանի և Վրաստանի օրակարգում կա, բոլոր հարցերը քննարկվել են»։
Հայաստանն ու Վրաստանը ընդհանուր ընկալումներ ունեն նաև տարածաշրջանի ապաշրջափակման և հաղորդուղիների գործարկման առնչությամբ՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի գործընկերներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել` ի՞նչ է տեղի ունենում Թրիփ նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խոսքը վերաբերվում է Արևելքից Արևմուտք, մասնավորապես Չինաստանից դեպի Եվրամիություն և հակառակի ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ։ Եթե մենք էս տարածաշրջանում 20 հատ երկաթուղի զուգահեռ բացենք, 20 հատ էլ ճանապարհ 1-ը չի հերիքի սպասարկելու էդ ամբողջ բեռնափոխադրումը և հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը էս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր հնարավորություն։ Մեզ պետք չի մտածել, որ վայ, էս մի բեռնատարը, բա որ ուրիշ երկրով անցնի, մենք 50 $ կկորցնենք։ Մեզ պետք է ասել, որ եթե միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ, եթե մենք կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներ կավելանան»։
Պատգամավորներին հետաքրքրող և անհանգստացնող հարցերի մի քանիսն էլ առնչվում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Այդ առնչությամբ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը մեջբերեց Հայաստանի արտաքին հետախոզության ծառայության 2026-ի զեկույցից մի հատված, որում ծառայությունը կանխատեսում է․
«Իսրայել-Իրան պատերազմը կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը` միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։ Սրա հետ մեկտեղ, Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը, ամենայն հավանականությամբ, էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։ Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը»։
Ընդդիմադիր պատգամավորը իշխանության վերաբերմունքը այդ զեկույցին լուրջ չի համարում։
«Ինձ հետաքրքիր է` որքան անլուրջ եք մոտեցել Արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի 1-ին օրը անհոգ պերաշկի էիք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում, ի՞նչ ազդակ եք ուզում տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»։
Այս ձևակերպմանն ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը ընդդիմադիրներին հիշեցրել է, որ հենց հարվածների ժամանակ էլ մերձավորարևելյան երկրներից մեկի ղեկավարությունն ամբողջ կազմով գնացել էր ընթրելու, և նկարահանվել էր այդ փաստը աշխարհին ցույց տալու համար, թե որքանով է անվտանգ այդ երկիրը։
«Ձեր հարցը ծայրից ծայր նրա մասին է, որ Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է, ինչով է զբաղված վարչապետը և կառավարությունը հոգ է տարել, որ էդ ինստիտուտները աշխատեն։ Ընդ որում, եթե էն ինչ-որ տեղի է ունենում Իրանում, ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, էս իրավիճակը տարիներով է զարգանում, մի տասնյակ ուրիշ էդպիսի զեկույցներ եկել են, անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով, և իհարկե, մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին արտահայտել ենք, արտահայտում ենք։ Մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել, էդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում»։
Վարչապետի ներկայացմամբ՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը ինստիտուցիոնալ երկիր է, որտեղ գործում են պետական կառույցները, և դա շատ կարևոր ձեռքբերում է։