Հայաստանի և Վրաստանի տնտեսական գործակցությունը խորանում է․ Վրաստանում արձանագրել են երկու երկրների վարչապետները՝ ամփոփելով երկկողմ տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները։
Նիստը տեղի է ունեցել Կախեթիում՝ Սիղնաղի բնակավայրում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն, ամփոփելով հանդիպումները, ընդգծել են ռազմավարական հարաբերությունների խորացման կարևորությունը հատկապես միջազգային բարդ իրադրության ֆոնին։
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր տնտեսական կապեր են հաստատում Վրաստանի աջակցությամբ՝ Կախեթիում տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի իշխանություններին։
«Հիմա տեսնում և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին: Ավելին ասեմ՝ անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան: Եվ հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն երկաթուղով»:
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է ուշադրություն դարձնեն նաև տարածաշրջանում բացվող նոր հնարավորություններին։
«Մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում TRIPP ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ ողջունել է Վաշինգտոնում Խաղաղության հռչակագրի նախաստորագրումը։
«Այս պատմական համաձայնագիրը կարևոր հիմք է մեր տարածաշրջանի խաղաղության համար։ Եվ մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ անում ենք՝ պահպանելու կայունությունը և զարգացնելու մեր տարածաշրջանը»։
Երևանի հետ գործակցության առավել խորացումը Վրաստանի վարչապետը կարևորում է հատկապես այսօր աշխարհում ընթացող իրադարձությունների և բարդացող միջազգային իրավիճակի ֆոնին։
«Մենք ոգևորված ենք մեր երկրների միջև բարձր մակարդակի գործակցությամբ և մշտապես շահագրգռված ենք ռազմավարական գործընկերության խորացմամբ։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։ Ես, կրկին առիթն օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ աջակցելու մեր ազգային շահերին։ Հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար»։
Վրաստանի ղեկավարը, սակայն, կարծում է՝ Երևանն ու Թբիլիսին դեռ ունեն չիրացված ներուժ ռազմավարական գործակցության բազմաթիվ այլ ոլորտներում։
«Ուզում եմ ընդգծել առևտրատնտեսական գործակցության մեր հաջողված փորձը։ Հայաստանը կայուն կերպով Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության գործընկերների առաջին տասնյակում է, իսկ ճանապարհորդությունների և զբոսաշրջության առումով՝ առաջին եռյակում»։
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են 2024-ից։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ առաջին անգամ 2021-ին Հայաստանի կառավարության ծրագիր նոր հասկացություն ներառվեց՝ «տարածաշրջանցումը»։
«Այս առումով իհարկե Վրաստանի հետ մեր հարաբերությունները ունեն առանձնահատուկ նշանակություն»։
Հայաստանի վարչապետը շեշտել է երկու ժողովուրդների ջերմ ու պատմական կապերը՝ դրանք էական և կարևոր արժեք համարելով։
«Բայց մեր ընկալումը նաև այն է, որ պետք է ինստիտուցիոնալ դարձնենք այդ էմոցիոնալ ջերմությունը, որը մեր ժողովուրդների մեջ կա՝ այն դարձնելով միջպետական հարաբերությունների բովանդակություն, հենարան և կառուցվածք: Եվ ես ուրախ եմ, որ, ըստ էության, մենք հենց այս տրամաբանությամբ ենք աշխատում Վրաստանի հետ»։
Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումները և միջկառավարական հանձնաժողովի նիստը Կախեթիում էին՝ Սիղնաղիում։
Այստեղ հանդիպել են ԱԳ-ի, էկոնոմիկայի և մի շարք այլ գերատեսչությունների հայ և վրացի նախարարները։
Սիղնաղին մայրաքաղաք Թբիլիսիից շուրջ 100 կմ հեռավորության վրա է։ Սա Վրաստանի սիրո քաղաքն է, որտեղից Փաշինյանը վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել՝ «Վրաստան» երգի ներքո՝ սրտիկ ցույց տալով։
Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում Փաշինյանի այս քայլը մեծ խանդավառության է արժանացել։ Բացի դրանից՝ վրացիները երեկվանից քննարկում են վարչապետի ելույթը, որը Կախեթիից հրապարակել էր նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։
Վարչապետն այդ տեսանյութում հարվածային գործիքներ է նվագում։