Զգույշ լինել հեռախոսային խոսակցություններում, ամրագրել աշխատավարձն ամբողջությամբ․ ՌԴ-ն ավելի է խստացնում միգրացիոն քաղաքականությունը

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը՝ նաև ՀՀ քաղաքացիների համար։ Վերջին տարիներին Հայաստանից ՌԴ աշխատանքի մեկնողների թիվը նվազում է։ Եթե նախկինում ՀՀ մոտ 100 հզր քաղաքացի էր Ռուսաստանում աշխատանք փնտրում, ապա այժմ նրանց թիվը չի հասնում 70 հազարի։ Հերթական խստացումները ուժի մեջ են մտել մարտի 1-ից։ Սրանք ուղիղ շարունակությունն են շուրջ մեկ տարի առաջ՝ 2025-ի փետրվարից գործող փոփոխությունների՝ արտաքսման ռեժիմի և վերահսկման մեխանիզմի։

2025 թ․ փետրվարի 5-ից ՌԴ-ում ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստրը։ Սա նշանակում է, որ տարբեր պատճառներով օտարեկրացիների անունները կարող են հայտնվել վերահսկման ցուցակներում։ Այդ դեպքում սառեցվում են բանկային հաշիվները, պետական գերատեսչությունները ծառայություններ չեն մատուցում և այլն։ Մարտի 1-ից այդ գերատեսչություններին նաև հարկային ծառայությունն է միացել՝ ասում է «Հայկական կարիտաս» կազմակերպության միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը․

«Հարկային ծառայություններում նախ տեղեկանքի ձևը փոխվեց։ Այլևս թղթային տարբերակով չի տրամադրում․ տրվում է որպես էլեկտրոնային քաղվածք։ Հարկեր չվճարելը կամ նման որևէ բանի հայտնաբերումը ևս կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում»։

Հատկապես աշխատանքային պայմանագրերում նշված աշխատավարձի չափը ուղիղ կապ ունի՝ միգրանտը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում, թե ոչ, ասում է փորձագետը։ Պայմանագրում նշված աշխատավարձն ու իրական աշխատավարձը պետք է համապատասխանեն։ Երբ միգրանտը փորձում է պայմանագրում նշվածից ավելի շատ գումար ուղարկել ընտանիքին, տվյալները փոխանցվում են միգարցիոն ծառայություն, և անձը պետք է հիմնավորի, թե որտեղից է այդ գումարը, այլապես կհայտնվի ռեեստրում ու կարտաքսվի երկրից։

«Սա վերաբերում է նաև այն անձանց, որոնք իրենց ամբողջ բրիգադի գումարը հավաքում են և, այսպես ասած, մեկ ձեռքից փոխանցում են բրիգադի անդամների ընտանիքներին։ Սա նույնպես կարող է խնդրի առաջ կանգնեցնել, քանի որ այդ մարդը իր ունեցած աշխատավարձից բազմակի մեծ գումար է փորձում փոխանցել, անգամ եթե տարբեր մարդկանց անուններով է դա անում։ Ուստի պետք է խնդրեմ, որ յուրաքանչյուրը իր գումարը փոխանցի, որպեսզի չհայտնվի այս խնդիրների առաջ և հետո չընկնի քաշքշուկների մեջ՝ երկար պարզաբանումներ տա, թե որտեղից են իր գումարները, արդյո՞ք դրանք կապ ունեն ահաբեկչական գումարների հետ, թե ոչ, և այլն։ Այսինքն` սա կարող է շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցնել»։

Մարտի 1-ից Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը կարող է դիմել բջջային օպերատորին ու միգրանտի հեռախոսը անջատել։ Սա պայմանավորված է նրանով, թե ինչ հաղորդագրություն կամ զանգ կարող է անել տվյալ անձը։ 2025 թ․ սեպտեմբերից Մոսկվայում և Մոսկվայի մարզում աշխատանքային միգրանտները հաշվառման համար պետք է ունենան AMINA բջջային հավելվածը։ Այն պետք է պարբերաբար թարմացվի։ Բնակության վայրից երեք օրից ավելի բացակայելիս անձը պետք է հաշվառման տարածքային ոստիկանությունում դիմում գրի և տեղեկացնի այդ մասին։ Հակառակ դեպքում նորից կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում, նաև արտաքսվել։

«Պետք է խնդրեմ, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց կատարած զանգերին և խոսակցություններին։ Խնդիր կարող է լինել այն ամենը, ինչը ՌԴ անվտանգության ծառայությունը կարող է անվտանգության սպառնալիք համարել, օրինակ՝ ամենափոքր համակրանքը Ուկրաինայի նկատմամբ, կարող է խնդիրներ ստեղծել»։

Եթե անձը պետք է հաշվառվի, իսկ տանտերը հրաժարվում է միգրանտին հաշվառման վերցնելուց, ապա վերջինս կտուգանվի 5 հզր ռուբլի։ Իրավաբանական անձանց դեպքում տուգանքը կարող է հասնել մինչև 500 հզր ռուբլու։ Օրենքի տված այս հնարավորությունը պետք է օգտագործել ու անպայման հաշվառվել այն բնակարանում, որը վարձակալել է միգրանտը։ Մարտի 1-ից ՌԴ մարզերը կորոշեն, թե որ աշխատանքի համար իրենց մարզում քանի օտարերկարցու կարիք ունեն։ Եթե պահանջարկից ավելի շատ են աշխատանքային միգրանտները, ապա գործատուն պարտավոր է հեռացնելու նրանց ու աշխատատեղը համալրելու Ռուսաստանի քաղաքացիներով։ Այս պահին քննարկվում է, որ օրենքի այս դրույթը չկիրառվի ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ մեկնող միգրանտների նկատմամբ՝ ասում է փորձագետը․

«Եթե ոչ, ապա անպայման կունենա այդ ազդեցությունը, և մենք առաջիկա 2 ամսվա ընթացքում, որովհետև նոր են միգրանտները մեկնելու Ռուսաստանի Դաշնություն, մարտ–ապրիլ ամիսներն ամենաակտիվն են, երբ մեկնում են արտագնա աշխատանքի։ Դրանից հետո եթե այդ քվոտաները, որոնք, անշուշտ, տարածվելու են նաև շինարարության ոլորտի և ծառայությունների վրա, գործեն, կարծում եմ, մենք այդ ազդեցությունը կտեսնենք»։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ վերջին տարիներին Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքի որոշակի նվազում է արձանագրվել, մասնավորապես դեպի Ռուսաստան։ Հստակ վիճակագրություն չկա, քանի որ ՌԴ ՆԳՆ չի հրապարակում օտարերկրացիներին աշխատանքի հիմքով տրված կացության կարգավիճակի տվյալները։ Վերջին հրապարակումները 2022-2023 թթ․ են եղել, որոնց հիման վրա էլ արձանագրել են նվազումը։ Փոխնախարարի խոսքով՝ մուտքի արգելք ստացած քաղաքացիների թիվը մեծ է, վերահսկվող անձանց ռեեստրում մի քանի տասնյակ մարդ կա գրանցված։ Իսկ հարավո՞ր է արդյոք բանակցել ու մուտքի արգելք ստացած քաղաքացիների համար բացել սահմանը։

«Նման միտում չենք տեսել, որ հանվի արգելքը։ Դրանք իրականում կարող են դատական կարգով բողոքարկվել ՌԴ տարածքում։ Սա մեծ հաշվով ոչ թե ԵԱՏՄ-ով է պայմանավորված, այլ ՌԴ միգրացիոն օրենսդրությամբ»։

Մոտավոր պատկեր, այդուհանդերձ, կա․ եթե նախկինում Հայաստանի մոտ 100 հզր քաղաքացի էր մեկնում Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ապա վերջին տարիներին այդ թիվը շուրջ 30 %-ով կրճատվել է․ 70 հազարի չի հասնում։

Leave a Comment