Հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել «Երևան» երիտասարդական նվագախումբը

Հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել «Երևան» երիտասարդական նվագախումբը

4 մարտի 2026 – 16:26 AMT

PanARMENIAN.Net – Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 4-ի առավոտյան հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել է «Երևան» երիտասարդական նվագախումբը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:

«Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»,-գրել է Ավինյանը:

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետները կազմակերպել և իրականացրել են համույթի տեղափոխումն ու ուղեկցումը դեպի օդանավակայան՝ անգամ ռմբահարվող տարածքներով անցնելով։

«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության և Լիբանանի տուրիզմի նախարար Լաուրա Լահուդի բանակցությունների արդյունքում` ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել համույթի անդամներին Երևան վերադարձնել նախապես նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։

Leave a Comment