Հայ բեմի երկու աստղ՝ Օլգա Գուլազյան և Արուս Ոսկանյան. ձայներ, որ պահպանվել են Հանրային ռադիոյի ձայնադարանում․ «Արդեն 100 տարի»

Հանրային ռադիոյի մեկդարյա հարուստ ձայնադարանի շնորհիվ մենք ետ ենք պտտում ժամանակի անիվը՝ վերհիշելու երկու տաղանդավոր դերասանուհիների, որոնց ճակատագրերը հյուսվեցին հայ բեմարվեստի պատմությանը։ Նրանք ծնվել են 19-րդ դարի վերջին՝ մեկը Թիֆլիսում, մյուսը՝ Պոլսում, սակայն Երևանի Սունդուկյանի անվան թատրոնը՝ ի սկզբանե Առաջին պետական թատրոնը, նրանց միավորեց մեկ հարկի տակ։

Խոսքը 1885 թվականին Թիֆլիսում ծնված Օլգա Գուլազյանի և 1889-ին Կոստանդնուպոլսում ծնված Արուս Ոսկանյանի մասին է։ Այս պատվարժան կանայք անգնահատելի հետագիծ են թողել հայ բեմարվեստի պատմության մեջ։ Նրանք երկուսն էլ սիրահարված էին թատրոն կոչվող կախարդանքին:

Պոլսեցի Արուս Ոսկանյանը (ծնունդով՝ Արուսյակ Դարպասյան), հայ բեմի երախտավորներ Ազնիվ Հրաչյայի և Սիրանույշի մասնագիտական խորհուրդներով ու օրհնությամբ նվաճեց հանդիսականի սիրտը։

Սիրանույշը, որ այդ թվականին արդեն խաղացել էր Համլետ՝ Սառա Բեռնարից հետո դարձավ աշխարհում երկրորդ կինը, որ ստանձնեց Համլետի դերը, հետաքրքվեց նաև Թիֆլիսեցի երիտասարդ Օլգա Գուլազյանով։ 

Թիֆլիսի Խարփուխ թաղում ծնված Օլգան իր բնատուր տաղանդով փայլում էր հատկապես Գաբրիել Սունդուկյանի թատերգություններում։ Ինքը՝ Գաբրիել Սունդուկյանը, ժամանակին չափազանց բարձր է գնահատել դերասանուհու բացառիկ վարպետությունը։

Leave a Comment