Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տարածաշրջանում կայունության ապահովման դրական հիմք է համարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող համատեղ հայտարարության ժամանակ։
Վրաստանի վարչապետը մատնանշեց, որ Թբիլիսին շատ ոգևորված է Հարավային Կովկասի երկրների միջև ծավալվող համագործակցությամբ։
«Մենք ուրախ և երջանիկ ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվեց պատմական համաձայնագիր (խմբ․ խոսքը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին է): Այս իրադարձությունները շատ դրական հիմք են ձևավորում, որպեսզի տարածաշրջանում ապահովենք կայունություն, խաղաղություն և այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-հայտարարեց Կոբախիձեն՝ շեշտելով, որ այս առումով Թբիլիսին որևէ ջանք չի խնայի։
Վրաստանի վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի հետ առկա է գերազանց համագործակցություն, և պետք է ամեն ինչ արվի այդ համագործակցությունն ու կապերն առավել խորացնելու համար։