Զոհերի թիվն աճում է, հռետորաբանությունը՝ կոշտանում․ Մերձավոր Արևելքում պատերազմական լարվածությունը խորանում է

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է խորանալ։ Ինչպես Իսրայելն ու ԱՄՆ-ն, այնպես էլ իրանական կողմը հանդես են գալիս կոշտ հայտարարություններով՝ խոսելով հարվածների նոր ալիքների և երկարատև պատերազմի հավանականության մասին։

Իրանում այսօր տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածներից զոհված 168 դպրոցական աղջիկների հուղարկավորության արարողությունները։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից զոհվածների թվի թարմացված տվյալները։ Կարմիր մահիկի կոմիտեն հայտնել է  787 զոհի մասին, նաև ամփոփել պատերազմի 3 օրերի տվյալները։

«Վերջին հարձակումներից տուժել է երկրի 153 քաղաք, ընդհանուր առմամբ եղել է 504 հարձակում: Գրանցված հարվածների թիվը հասել է 1․039-ի»։

Իրանական պատասխան հրթիռային հարվածների պատճառով զոհված քաղաքացիական անձանց և զինվորականների թվերի մասին հայտնում են նաև Իսրայելը և ԱՄՆ-ն։  Վերջին մեկ օրում 9 զոհի և 120 վիրավորի մասին է խոսում Իսրայելը։ ԱՄՆ զինված ուժերում զոհերի թիվը պաշտոնապես 6–ն է։ Տարբեր աղբյուրներ, սակայն, տարբեր թվեր են հրապարակում։ Այդ թվերը ժամանակի ընթացքում արագ փոփոխվում են՝ կախված պատերազմի ընթացքից և հակամարտության նոր հրթիռային հարվածներից։

Իրանի դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ փուլը էլ ավելի դաժան կլինի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՝ Կապիտոլիումում լրագրողների հետ զրույցում։

Մարկո Ռուբիոյի  խոսքով՝ Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված առավել հզոր հարվածների։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է Վաշինգտոնի որոշումը՝ հարվածելու իրանական թիրախներին` այն որակելով որպես կանխարգելիչ քայլ և «անխուսափելի սպառնալիքի» պատասխան: Նա զգուշացրել է, որ ամենածանր հարվածները դեռ առջևում են։

«Եթե մենք կանխարգելիչ կերպով չհետապնդեինք նրանց, նախքան նրանք կսկսեին այդ հարձակումները, մենք ավելի շատ զոհեր կունենայինք։ Սա պետք է տեղի ունենար՝ անկախ ամեն ինչից»։

Ռուբիոյի հայտարարությանն ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «մտել է Իսրայելի անունից ընտրովի պատերազմի մեջ»։ X-ում գրառման մեջ Թեհրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին նշել  է, որ Իրանը չի բանակցի Թրամփի հետ, որը «խաբուսիկ նկրտումներ» ունի և այժմ անհանգստացած է ԱՄՆ զոհերի համար։ Նա գրել է.

«Իրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պատրաստվել է երկարատև պատերազմի»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների անհրաժեշտությունը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պնդելով, որ ռազմական գործողությունն անհրաժեշտ էր, քանի որ Իրանը ցանկանում էր ոչնչացնել Միացյալ Նահանգները և զարգացնում էր իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։ Նեթանյահուն մասնավորապես ասել է.

«Այս վարչակարգի նպատակն է Միացյալ Նահանգների ոչնչացումը, և դա մոլորակի վրա միակ երկիրն է, որ բացահայտորեն ասում է այդ մասին ու քրտնաջանորեն աշխատում այդ նպատակին հասնելու համար։ Պատճառը, որ մենք պետք է գործեինք հիմա, այն է, որ նրանց միջուկային օբյեկտներին և նրանց բալիստիկ հրթիռների ծրագրին հարված հասցնելուց հետո կարելի էր կարծել, թե նրանք կսերտեն դասը, բայց այդպես չեղավ…. Նրանք սկսեցին նոր օբյեկտներ, նոր վայրեր, ստորգետնյա բունկերներ կառուցել իրենց բալիստիկ հրթիռների և ատոմային ռումբի ստեղծման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում անխոցելի դարձնելու համար»։

Իսրայելի ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունն Իրանի դեմ չի կարող վերածվել հերթական երկարատև պատերազմի։ «Այդ պատերազմն անվերջ  չի լինի։ Դա կլինի արագ և վճռական գործողություն»,— հավելել է Նեթանյահուն։

ԱՄՆ նախագահը նույնքան լավատես չէ։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ԱՄՆ վարչակազմի նախապես գնահատած 4-5 շաբաթը։ Սպիտակ տանը Պատվո մեդալների հանձնման արարողության ժամանակ է Թրամփն այդ մասին ասել.

«Սկզբում մենք պլանավորել էինք չորսից հինգ շաբաթ, բայց ունենք երկարաձգելու հնարավորություն։ Մենք կանենք դա»։ 

ԱՄՆ-ն կարող է հավերժ պատերազմել. զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշար ունենք՝ շեշտել է աշխարհի հակամարտություններն ու պատերազմները դադարեցնելու հավակնող Դոնալդ Թրամփը։  

Leave a Comment