Երևանն ու Թբիլիսին տնտեսական անլուծելի հարցեր չունեն․ էկոնոմիկայի նախարարը՝ բեռնափոխադրումների վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը համոզված է, որ Երևանն ու Թբիլիսին տնտեսական անլուծելի հացեր չունեն։ Այս մասին նախ խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով վրացական անցակետերում հայ վարորդներին պարբերաբար հանդիպող խնդիրներին ու դրանց վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին։ Բոլոր հարցերը նախարարը խոստացել է վրացի պաշտոնյաների հետ քննարկել դեմ առ դեմ՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ։

Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը խնդիրներ է տեսել հայկական որոշ բեռներում։ Օրերս այս տեղեկությունը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին է փոխանցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

«Ըստ էության՝ նախարարը նշեց, որ խնդիրն իրենց գերատեսչության հետ կապ չունի։ Վրաստանում ֆինասական ոստիկանություն՝ այդպիսի կառույց կա։ Եվ այդ ֆինասական ոստիկանությունը, ըստ իրենց, այսինքն՝ ես իրեն խնդրեցի, և նա երկու օր հետ կապ հաստատեց, նշեց՝ ինչ-որ ապրանքների հետ կապված ռիսկեր են տեսել»։

Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ Երևանը սպասում է այդ խնդրի վերաբերյալ Թբիլիսիի վերջնական պարզաբանմանը։

Մինչև պաշտոնական պարզաբանումները տրվեն, բեռնափոխադրող ընկերություններից մեկի վարորդը, որը նախընտրում է չներկայանալ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պնդում է՝ Վրաստանի տարբեր անցակետերում տարբեր պատրվակներով բեռնատարներին սպասեցնելն ընդունված պրակտիկա է։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում  թե՛ Հայաստան վերադառնալիս, թե՛ երրորդ երկիր մեկնելիս։ Որոշ դեպքերում, ըստ նրա, առաջ են քաշվում ոչ պաշտոնական վճարումների պահանջներ։

Բեռնափոխադրող ընկերությունները, զրուցակցիս խոսքով, վարորդների ժամանակն ու բեռների ժամկետները հաշվի առնելով, երբեմն ստիպված են լինում վճարելու պահանջվող գումարը բեռը հասցեատիրոջը ժամանակին հասցնելու համար։ Ըստ նրա՝ վերջին շրջանում թիրախում հատկապես շինանյութ արտահանող բեռնատարներն են։

Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում նույնպես գրեց, որ ավելի քան հարյուր հայկական բեռնատարներ, հիմնականում շինանյութ տեղափոխող, մնացել են Կոբիի տերմինալում՝ Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հարևանությամբ։ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունն էլ հայտնեց, որ արհեստական խոչընդոտներ չկան, տեղի են ունենում ստանդարտ մաքսային ընթացակարգեր, և սկսվել է տրանսպորտային միջոցների անցման փուլային թույլտվության գործընթացը։

Վարորդները, սակայն, պնդում են հակառակը։ Նրանք լրատվամիջոնցերին փոխանցել էին, որ վրացական կողմը բեռների անցման համար գումար է պահանջում։ Այս հարցը Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարին ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Ամիսներ շարունակ արհեստական ձգձգվում են իրենց և՛ մուտքը Հայաստան, և՛ Հայաստանից արտահանվող ապրանքների։ Տնտեսվարողներն ու բռնափոխադրողներն ահազանգում են, որ Վրասատանի իշխանությունները, շատ դեպքերում, պատկան մարմինները բեռների, այսպես ասած, անխոչընդոտ տեղափոխման հարցերը լուծվում են որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց։ Խնդրում եմ՝ հստակ պատասխանեք դուք նման տեղեկություններ ստացե՞լ եք, թե՞ ոչ»։

Գառնիկ Դանիելյանը նաև հիշեցրեց, որ վերջին օրերին Հայաստանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցերը քննարկվել են վրացի պաշտոնյայի հետ։

Գառնիկ Դանիլեյանի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյնանը պնդեց՝ այդ խնդրով դիմել է իրավապահ մարմիններին, որոնք էլ իրենց լիազորությունների շրջանակում զբաղվել են խնդրի լուծմամբ։

 «Ես չգիտեմ հարց, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են քննարկել ու լուծել և չի լուծվել։ Հերթական փուլում կլուծենք այն հարցերը, որոնք մնացել են»։

Մտահոգությունների թեման շարունակում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիշեցնելով Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ կառավարությունը պարտավոր է ապահովելու իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ցանկացած երկրում։

«Հիմա դուք ասում եք՝ քաղաքացիները պիտի ձեզ մոտ չգան, պիտի գնան ուրիշ տեղ։ Իսկ, որ գնան, օրինակ՝ Վրաստանի իրավապահ մարմնին բողոք ներկայացնեն։ Դուք տեր եք կանգնելո՞ւ վարորդին, որ հետո այդ վարորդի հետ ինչ-որ բան չպատահի, կամ այդ բեռնափոխադրող ընկերության հետ ի՞նչ է տեղի ունենալու»։

Հարցի պատասխանը, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կանգնած գործարարների կողքին, էկոնոմիկայի նախարարը հորդորում է ճշտել հենց գործարարներից։ Գևորգ Պապոյանի համար գործարարների պատասխանն ակնհայտ է, քանի որ նախարարությունն ամեն օր է աշխատում նրանց հետ։

«Իրենց խնդիրներն ամեն օր լուծում ենք, իրենք էլ շատ շնորհակալ են, որ կառավարությունը մինչև վերջ իրենց կողքը կանգնած է։ Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ եք արել, որպեսզի այդ բեռնատարներ, որոնք կանգնած էին սահմանին, գան Հայաստան։ Բայց ՀՀ կառավարության աշխատանքի արդյունքում այդ մեքենաներն արդնե Հայաստանում են»։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ բեռնատարների տարանցման ընթացքում արձանագրվել են նաև անհիմն դանդաղեցումներ։ Եղել են դեպքեր, երբ Հայաստանը ինքն է արգելել որոշ բեռների արտահանումը՝ դրանցում հայտնաբերված խնդիրների պատճառով։

Այս հարցերը նախարարը խոստանում է քննարկել վրացի պաշտոնյաների հետ դեմ առ դեմ՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։

Գևորգ Պապոյանը համոզված է, որ հայ–վրացական տնտեսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։

Leave a Comment