
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքները կստանան նույն աջակցությունը, ինչ պատերազմում անհետ կորածները։ Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փոփոխության փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և հետախուզման դադարեցման դեպքերը: Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մերձակայքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 219 անձ զոհվել է, 22-ը անհայտ կորել, ևս 300-ը վիրավորվել են։ Այժմ զոհվածների հարազատները բարձրաձայնում են խնդրի մասին պահանջելով որևէ կարգավիճակ տալ իրենց։