
Քոչարյանի ուժը խորհրդարան անցնելու խնդիր ունի. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե իր տվյալներով՝ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ հաղթահարելու խնդիր ունի:
«Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։
Իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի», – նշեց ԱԺ նախագահը:
Թե որտեղից իրեն այդ տվյալները, խորհրդարանի խոսնակը չբացահայտեց: Բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի:
«Ինքը պառլամենտ անցնելու խնդիր ունի, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու: Այսինքն՝ լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ, որ կա՛մ նոր ստեղծված «Մեր ձևով» տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է: Իրենք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Իրենքն երկուսն էլ ձայն են տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից: Իրենք են իրար հետ մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի», – վստահ է իշխող ուժի ներկայացուցիչը:
Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորիվ հակառակ պատկերն են արձանագրել:
«Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալենի Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծերոն հակառակն է», – նշեց Միկոյանը:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց: Ի դեպ, Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին:
Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կկայացնելու են սոցհարցումներից հետո: