Խամենեիի մահվան լուրը մեծ արձագանք Է ստացել աշխարհում
Անցած շաբաթ օրվանից ի վեր Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանում ավելի քան 2 հազար թիրախների են հարվածել:
Զոհվել Է ավելի քան 200 մարդ, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի ղեկավար, այաթոլլա Ալի Հոսեյնի Խամենեին, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրանի ժամանակավոր գերագույն հոգևոր առաջնորդ Է նշանակվել այաթոլլա Ալիռեզա Արաֆին:
Իրանը պատասխան ռազմական գործողություններ Է կատարում, թիրախավորելով, մասնավորապես, Պարսից ծոցի շրջանի արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմական հենակետերը և պետական ու ռազմական օբյեկտներն Իսրայելում: Բեյտ Շեմեշ ավանում իրանական հրթիռը հարվածել Է սինագոգին, սպանվել Է առնվազն 9-ը հրեա հավատացյալ:
Հրեից պետության տարածքը հրթիռակոծման Է ենթարկվում նաև Լիբանանից, որի հարավային հատվածում 1980-ականներից տեղակայվել Է Իրանի հովանու ներքո գործող Հըզբոլլահը:
Երեկ իսրայելյան օդուժը Թեհրանի հյուսիսում հարվածել Է Իրանի պետական հեռուստատեսության աշտարակին: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողությունը հսկայական արձագանք Է ստացել ամբողջ աշխարհում:
Բողոքի ակցիաներ տարբեր երկրներում
Մեծ թվով երկրներում հակաամերիկյան և հակաիսրայելյան ցույցեր են, որոնք ուղեկցվում են բախումներով:
Հարյուրավոր բողոքավորներ փորձել են ներխուժել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտի»՝ դեսպանատների, միջազգային կառույցների, պետական հիմնարկների գերպաշտպանված թաղամաս: Անվտանգության ուժերը նախազգուշական կրակով և արցունքաբեր գազով են մղել զայրացած մարդկանց:
Լիբանանանի մայրաքաղաք Բեյրութում Հըզբոլլահի հարյուրավոր աջակիցներ երեկ հավաքվել են սգալու այաթոլա Խամենեիի մահը, նրանք վանկարկել են «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին»: Նրանց համոզմամբ, Ամերիկան աշխարհի սատանան Է:
Բողոքի ակցիաներ են Պակիստանում, Հնդկաստանում և մի շարք այլ՝ մեծավ մասամբ մահմեդական երկրներում:
Դրսում իրանցիները երազում են կրոնապետության տապալման մասին
Մինչդեռ, Եվրոպայում և Ամերիկայում մեծ թվով իրանցիներ բառիս բուն իմաստով ցնծության մեջ են, հուսով են, որ այաթոլլայի սպանությանը կհաջորդի կրոնապետության տապալումը և հնարավոր կլինի Իրանում աշխարհիկ դեմոկրատական պետություն կայացնել: Ահա Փարիզում իրանցիները երգում ու պարում են: Ժամանակին նրանք կամ նրանց նախնիները փախուստի են դիմել:
Մեծ խանդավառություն Է նաև Կալիֆորնիայում, որտեղ ապրում Է մոտ 150 հազար իրանցի, իսկ ամբողջ ԱՄՆ-ում բնակվող իրանցիների կամ իրանական ծագում ունեցողների թիվը ոչ պաշտոնական տվյալներով 500 հազարից 1.2 միլիոնի Է հասնում: Լոս Անջելեսում իրանցիները պարզել են դրոշը, որն Իրանում պետական սիմվոլ Էր մինչև 1979 թվականի մահմեդական հեղափոխությունը:
Ինչ աստիճանի Է այդ մարդկանց ատելությունը վարչակարգի հանդեպ, եթե մարդիկ իրենց նախնյաց հայրենիքում տեղի ունեցող հիրավի ողբերգական իրադարձություններին արձագանքում են «Շնորհակալություն քեզ, Նեթանյահու» և «Շնորհակալություն քեզ, Թրամփ» վանկարկումներով:
«Մտքով իսկ չանցնի Իսրայելի հետ պատերազմելու գայթակղությունը»
Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգն այսօր ասել Է, թե հիմա աշխարհի աչքի առաջ չարյաց կայսրությունը և դրա լիազորված կամակատարները տապալվում են:
«Խորհուրդ եմ տալիս այդ կամակատարներին, որ նրանց մտքով իսկ չանցնի մեզ հետ նոր պատերազմ սկսելու գայթակղությունը։ Մենք այլևս չենք հանդուրժի և թույլ չենք տա, որ նրանք իրենց ուժերը կուտակեն մեր սահմանին»,- ասել Է Հերցոգը։
Կոշտ հայտարարությամբ Է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հեռահար հրթիռներով և միջուկային զենքով զինված իրանական ռեժիմը լուրջ սպառնալիք կլինի յուրաքանչյուր ամերիկացու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչական բանակներ հովանավորող երկիրը նման զենք ունենա և այն կիրառի իր չար նպատակների համար: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել Է նախագահը:
«Չհանձնվելու այլընտրանքը՝ մահն Է»
Դոնալդ Թրամփն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վերստին հորդորել Է հանձնվել, ասելով, թե այլընտրանքն անխուսափելի մահն Է: Ապա նա հատուկ ուղերձով դիմել Է շարքային իրանցիներին:
«Ես կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, ովքեր կարոտում են ազատությանը, օգտվել այս պահից, լինել քաջ, համարձակ, հերոսական և վերադարձնել իրենց երկիրը։ Ամերիկան ձեզ հետ է։ Ես խոստում տվեցի ձեզ և կատարեցի այդ խոստումը։ Մնացածը կախված կլինի ձեզանից, մենք այնտեղ կլինենք՝ օգնելու համար»»,- հավաստիացրել Է ԱՄՆ ղեկավարը։
Այսօր Թեհրանը նորից ենթարկվել Է օդային հարվածների, կան զոհեր և վիրավորներ: