Իրանից Ադրբեջան անցած 32 ռուսաստանցիներ կառավարական պատվիրակության հետ թռչում են Մոսկվա. Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Մարտի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։

Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմը անկեղծ երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ և լարված իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած արագ օգնության համար։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները։

Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։

Քննարկվել են նաև մի շարք մարդասիրական հարցեր։

Ավելի ուշ Օվերչուկը լրագրողներին հայտնել է․ «Ռուսաստանի քաղաքացիների առաջին խումբը՝ 32 մարդ, մեզ հետ թռչում է նույն չվերթով։ Սրանք մեր նավթագործներն են, որոնք երեկ կարողացան լքել Իրանը և այսօր արդեն ժամանել են Բաքու։ Մենք նրանց մեզ հետ տուն ենք տանում Մոսկվա», փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Leave a Comment