Սփյուռքի հանձնակատարի թեժ գիծը ստացել է մոտ 20 զանգ

Սփյուռքի հանձնակատարի թեժ գիծը ստացել է մոտ 20 զանգ

2 մարտի 2026 – 13:34 AMT

PanARMENIAN.Net – Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գիծը ստացել է մոտ 20 զանգ հայրենակիցներից։ Այդ մասին հայտնել է գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ (077 998123, 010 589155)՝ տարածաշրջանում գտնվող հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին», – պարզաբանել է Ղուլյանը։

Նրա խոսքով՝ գրասենյակն արդեն տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն, միաժամանակ հորդորելով հետևել նաև ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին, որտեղ ևս գործում է թեժ գիծ։

«Մենք փորձում ենք առավելագույնս ինտենսիվ կապ պահպանել մեր համայնքների հետ, հատկապես հիմա, երբ իրավիճակն ավելի է լարվել։ Որոշ շրջաններում կան կապի խնդիրներ՝ ինտերնետի բացակայություն և այլն, սակայն մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,— նշել է Ղուլյանը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ ստացված դիմումները կապված են նաև ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության հետ, որոնք տարածաշրջանում են տարբեր պատճառներով՝ ուսման, աշխատանքի և այլ հանգամանքներով։ Նա նաև նշել է, որ այս պահին դեռ որոշում չի կայացվել հայ-իրանական սահման մեկնելու և տեղում իրավիճակը գնահատելու վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a Comment