Արմավիրի ավագանին բնակարաններ է նվիրել հանրակացարանների բնակիչներին

Արմավիրի ավագանին այսօր բազմաթիվ հարցեր է քննարկել՝ 2025թ-ի բյուջեի կատարողականից, սոցիալական ծրագրերի հաստատումից մինչև վթարային կառույցների քանդման թույլտվություն ու հանրակացարանի բնակարանների սեփականաշնորհում: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզ է կառուցվելու Մայիսյանում: Գյուղի մանկապարտեզը վաղուց չի գործում: Արմավիր քաղաքում շահագործվել է գազիֆիկացված թաղամասն ու գազատարը անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Արմավիր համայնքի 2025թ բյուջեի կատարողականն, ըստ ֆինանասական դասակարգման, գերազանցել է 100 տոկոսը: Սեփական եկամուտների մուտքերի ավելացումով պակասել են բնակավայրերի խնդիրները։ Դրանք լուծվում են ոչ միայն պետական բյուրջեի համաֆինանսավորմամբ, այլև համայնքի ուղիղ ներդրումներով: 2025թ. բյուջեի մուտքերն ու ծախսերը ներկայացնում է համայնքապետարանի ֆինանսատնտնեսագիտական բաժնի պետ Մարինե Համբարյանը.

«Արմավիր համայնքի 2025թ տարեկան բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 918 մլն 881 հազար դրամ կամ կատարվել է 112.2 տոկոսով: Սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 240 մլն. 761 հազար դրամ կամ կատարվել է 107.9 տոկոսով»:

Գերակատարված բյուջեի մի մասն այս տարի ուղղվելու է Մայիսյանում նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրին: Գյուղի մանկապարտեզի հին շենքը վաղուց չի ծառայում նպատակին: Այն ենթակա չէ հիմնանորգման՝ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն է ներկայացնում համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը.

«Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսական վերլուծություն էր արել և համայնքին առաջարկել քանդել հին շենքն ու տեղում կառուցել տիպային նախագծով նոր շենք»:

Փաստաթղթավորումն ավարտելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթը: Ավագանին թույլ է տվել նաև քանդել Արմավիրի նախկին թիվ 4 ավագ դպրոցի շենքը և տեղում նորը կառուցել: 2024թ. սուբվենցիոն ծրագրով Արմավիր քաղաքի արևելյան թաղամասը գազիֆիկացվել է։ Ըստ ընթացակարգի, այն հանձնվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Արմավիրի համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ալինա Ղազարյան.

«Արմավիր քաղաքի 110 թաղամասի 315/1 հասցեում գտնվող գազատար խողովակաշարը անհատույց օգտագործման իրավունքով ու անորոշ ժամկետով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի ԳԳՄ-ին(գազիֆիկացման ու գազամատակարարման մասնաճյուղ): Ընդհանուր արժեքը կազմում է 65 մլն. 750 հազար դրամ»:

Գազատարը սկսել են շահագործել օրեր առաջ, սակայն բնակարանների գազիֆիկացման հարցում դեռևս որոշ խոչընդոտներ կան՝ ասում է ավագանու անդամ Սուսաննա Մատինյանը:

«Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց դիմումներն ամիսներ շարունակ չեն կարողանում գտնել՝ չգիտես, թե որ պատերի տակ են հայտնվում: Աշխատակիցները ժամերով ման են գալիս ու չեն կարողանում գտնել դիմումները: Դրանով էլ պայմանավորված՝ իրենց բնակարանները գազիֆիկացնելու աշխատանքները տուժում են»:

Ավագանին որոշել է նաև քաղաքի հաստոցաշինական գործարանին կից հանրակացարանի 10 բնակարանները սեփականության իրավունքով բնակիչներին հանձնել: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյան.

«Խոսքը վերաբերում է 21-րդ փողոցի 13 շենքին, որը հանդիսացել է, որպես հանրակացարան և շենքի բնակիչներն արդեն մի քանի տարի դիմում են Արմավիրի համայնքապետարան, որպեսզի բնակարանները նվիրաբերությամբ հանձնենք իրենց, որպես երկար տարիներ գույքին տիրապետողներ»:  

Ավագանին հաստատել է 2026թ համայնքային սոցիալական ծրագիրը և սահմանել սոցիալական աջակցության ծառայությունների չափորոշիչները:

Leave a Comment