Աննա Հակոբյանը լքել է կառավարական առանձնատունը և առաջին տիկնոջ «պաշտոնը». Նիկոլ Փաշինյանը հարգանքով է վերաբերվել որոշմանը

Փետրվարի 17-ին Աննա Հակոբյանի հրապարակած ու բազմաթիվ տարընթերցումների առիթ դարձած «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է» հայտարարությունը վերջնական պարզաբանում ստացավ։ Ֆեյսբուքյան տեսաուղերձով նա հայտնեց՝ լքում է կառավարական այն առանձնատունը, որտեղ հասարակությունն արդեն սովոր էր տեսնելու Փաշինյան-Հակոբյան զույգին ընտանեկան անմիջական միջավայրում․

«Այս ինչով ենք զբաղված․ նախաճաշ ենք պատրաստում ընտանեկան, սուրբծննդյան»։
«Աննա, որտեղի՞ց ես առել էս յուղը»։

— Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես անում։
— Նայի՝ ինչ լավ ձվածեղ ա ստացվել։

«Փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսիու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել»:

Այսպես վարչապետի՝ արդեն նախկին կինը պարզաբանեց՝ տուն չունի․ վարկով գնվածը դեռ կառուցման փուլում է, մեքենա չունենալուց բացի՝ չունի նաև միլիոններ, հաշիվներ օֆշորային գոտիներում, դղյակներ, ուստի հաճախ է լինելու Երևանի փողոցներում ու խնդրում է չզարմանալ ու չվիրավորել իրեն։ Ժողովուրդը, որը նախկինում պարբերաբար տեսնում էր՝ ինչ կա Աննա Հակոբյանի խոհանոցում, իմացավ նաև՝ ինչքան գումար կա նրա հաշվեհամարին․

«Իմ հաշվեհամարին կա գումար՝ տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից և եկամուտային հարկի վերադարձից կուտակված գումար։ Դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ, կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար»։

Միևնույն ժամանակ Աննա Հակոբյանը տեղեկացրեց՝ ցանկանում է շարունակել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքը, բայց

«Չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն»։

Այս կասկածի հիմքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ օրերս արած հայտարարությունն է, ըստ որի՝ կուսումնասիրվի, թե որքանով է օրինական հիմնադրամի այն հայտարարությունը, որով 30 հոգու անգլերենի դասընթաց տրամադրելու խոստում է տրվել։

«Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է»։

Հարցն այն է, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների նշանակման պահից սկսած՝ այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, կամ ղեկավարվում են այդ կուսակցություններից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել: Այս արարքը ենթադրում է 3-6 տարի ազատազրկում:

«Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում․ ինչ արած, կապրենք, կտեսնենք»։

Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարության մասին դիրքորոշում չի հայտնել։ Փոխարենը Աննա Հակոբյանն է հայտնում՝ պետությանն է վերադարձնում այն թանկարժեք զարդերը, որոնք նվեր է ստացել նախորդ տարիների ընթացքում և որոնք, կոռուպցիոն վտանգ չներկայացնելով, հայտնվել են իր մոտ։

Փորձագիտական համայնքը, սակայն, այս տեսաուղերձում ամենաուշագրավը համարել է Հակոբյանի այն հայտարարությունը, որ ինքը լինելու է պետական պահպանությունից դուրս: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը այստեղ լուրջ ռիսկ է տեսել։

«Հակոբյանը եղել է մարդ, որը իր թե՛ անձնական, թե՛ նաև դե ֆակտո պետական կարգավիճակի բերումով կարող է տիրապետել շատ կոնֆիդենցիալ տեղեկությունների: Հետևաբար եթե նա զուրկ է պետական պահպանության ուշադրությունից, առաջանում է հնարավոր այդ ինֆորմացիայի հանգամանքի ամենատարբեր «ճակատագրերի» հարց»:

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են Երևանի պետական համալսարանում, երբ երկուսն էլ սովորում էին ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,— 2018-ին Mediamax-ին տված հարցազրույցում ասել է Աննա Հակոբյանը: Համատեղ կյանքի շուրջ 30 տարիների ընթացքում նրանք ունեցել են 4 երեխա։ Նույն հարցազրույցում նա նշել էր՝ կա մի բան, որն օգնում է ամեն ինչ հաղթահարելուն․ դա սերն է։

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան երկտողով հաստատել է՝ այս անգամ սերը չի օգնել։ Զույգն իսկապես բաժանվել է․

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Աննա Հակոբյանն ասել է, որ թեև թեման հետաքրքրում է՝ պարզաբանումներ չեն լինելու։ Նման թեմաները միշտ եղել են ուշադրության կենտրոնում․ Նիկոլ Փաշինյանը բնավ առաջին ղեկավարը չէ, որը բաժանվում է պաշտոնավարման ընթացքում։

2007–ին՝ նախագահ ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս հետո, բաժանման մասին հայտնեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Կարճ ժամանակ անց նա ամուսնացավ մոդել և երգչուհի Կառլա Բրունիի հետ։

2013-ին Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլա Պուտինան, դուրս եկան բալետի ներկայացումից ու հայտարարեցին ամուսնալուծության մասին։ 2023-ին՝ 18 տարվա համատեղ կյանքից հետո, ամուսնալուծվեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 2009-ին Իտալիայի նախկին վարչապետը Սիլվիո Բեռլուսկոնիի կինը ապահարզան պահանջեց պարզաբանելով, որ Բեռլուսկոնին կապեր ունի երիտասարդ կանանց հետ։

Աշխարհը շատ ամուսնալուծություններ է տեսել, նաև, օրինակ, քաղաքական։ Այսպես 2011–ին Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը և նրա կինը՝ Սանդրա Տորեսը, ամուսնալուծվեցին, որպեսզի Սանդրան կարողանա առաջադրվել նախագահի թեկնածու։

Leave a Comment