2026–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաղաղության թեման Հայաստանի տարբեր քաղաքներում տարբեր կերպ է ընկալվում։ Գյումրիում այն ավելի շատ քաղաքական ընտրության հարց է, Եղեգնաձորում՝ արժանապատվության և պատմական արդարության հետ կապվող խնդիր, Գորիսում՝ անվտանգային ու գործնական հարց։
Այս երեք իրարից տարբեր պատկերները բացահայտվել են ուսումնասիրության ընթացքում, որն անցկացվել է «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ․ խաղաղության և անվտանգության գործոնը նախընտրական քարոզարշավում» խորագրով։ Ծրագիրն իրականացրել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն ու «Կովկաս» ինստիտուտը։
Հեղինակների դիտարկմամբ՝ տարբեր է ոչ միայն քննարկումների արդյունքը, այլև դրանց ընթացքը։ Գյումրիում քննարկումը հաճախ վերածվել է ակտիվ ու սուր բանավեճի, մինչդեռ Գորիսում քննարկումը շատ ավելի զուսպ ու զգուշավոր ընթացք է ունեցել։ Հեղինակների տպավորությամբ՝ այստեղ քաղաքական քննարկումը միայն «մտքերի փոխանակում» չէ, այլ կապված է գոյաբանական ռիսկի զգացողության հետ՝ սահման, ճանապարհ, անվտանգություն: Նույն՝ ֆորմալ ձևաչափը իրականում երեք շատ տարբեր հաղորդակցական ռեժիմների է վերածվել՝ կախված վայրից, սերնդից, ռիսկի ընկալումից և ձևավորված քաղաքական մշակույթից։
Ուսումնասիրության համահեղինակ, սոցիոլոգ Հարություն Վերմիշյան․ «Մարդիկ իրենց խոսքը կառուցում են այնպես, որ հիմնավորված երևան մյուսների աչքերում կամ եբեմն լռում են, որովհետև, եթե խոսեն իրենցից հաշիվ կպահանջեն։ Մանավանդ, երբ քաղաքական և խաղաղության թեմային վերաբերող օրակարգն ես բերում, շատ հետաքրքիր է, թե ով է լռում, ով է խոսում, երբ է խոսում, ինչպես է խոսոմ։ Սա թույլ է տալիս հասկանալ մեր հասարակության ներքին քաղաքական թեմատիկայի զգայունության խնդիրներն ու խորքերը»։
Հարություն Վերմիշյանն ասում է՝ մասնակիցների հետ քննարկումների ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչ ընկալումներ են առաջացնում, օրինակ, TRIPP, անվտանգութուն, խաղաղություն, միջանցք և նմանատիպ այլ տերմիններ։ Գյումրիում քննարկումները հաճախ քաղաքական կատակների են վերածվել։
«Այս ամենի հետևանքով Գյումրիում խաղաղությունն ընկալվում է որպես քաղաքական մոդելների մրցակցություն։ Այսինքն՝ ո՞վ է օրևակարգը ձևավորում, ի՞նչ գին ունի, ի՞նչ տնտեսագիտական հիմքեր ունի և ամենակարևորը՝ ո՞վ է սահմանում հանրային տեղեկատվությունը»։
Սոցիոլոգի խոսքով՝ երիտասարդների քաղաքական հետաքրքրվածության ցածր մակարդակը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նման միտում արձանագրվում է նաև այլ երկրներում։ Մասնագետները տարբեր ուսումնասիրություններով փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ երևույթը։
«Քաղաքական հարցը լսարանում ընկալվում էր որպես «մեծերի աշխարհ», իսկ բանախոսներն էլ ընկալվում էին որպես գիտելիք տրամադրողներ և գիտելիք կրողներ, ովքեր եկել են մեզ սովորեցնելու։ Խաղաղությունը կապվեց երեք թեմայի հետ՝ պարտություն, պատմական արդարություն և արժանապատվություն»։
Ընկալումները կախված են անվտանգության շուրջ լոկալ պատկերացումներից և պատմական փորձից՝ եզրահանգում են հետազոտության հեղինակները։ Եթե Գյումրիում սոցիալ-տնտեսական խոցելիությունը և քաղաքացիական ավելի կայացած դաշտը ստեղծում են քննադատական ու ակտիվ, հաճախ նաև հեգնական քննարկում, ապա Սյունիքի սահմանամերձ խոցելիության պայմաններում (Գորիս) գերակշռում է լռությունն ու զգուշավորությունը։
«Գորիսում լռությունը տեղեկատվության բացակայությունը չէր։ Լռությունը, որպես սոցիոլոգ, ինձ համար տվյալ է։ Էթնոմեթոդաբանական մոտեցմամբ լռությունը խոսքի մի մաս է, ոչ թե դրա բացը, երբ միջավայրը ռիսկային է, հարց տալը կարող է ընկալվել որպես դիրքորոշում։ Քաղաքական խոսքը դառնում է ոչ թե մտքերի փոխանակում, այլ՝ գոյաբանական հաշվարկ։ Նախ մտածիր, թե ինչ գին ունի քո ձայնը»։
Խաղաղության շուրջ դիրքորոշումները հաճախ հակառակ համեմատական են քաղաքական փորձին՝ հետազոտության հեղինակների հաջորդ եզրակացությունն է։ Մյուս դիտարկումը վստահության ճգնաժամի մասին է, որը, ըստ հեղինակների, համատարած է, բայց տարբեր «լեզուներով» է արտահայտվում։
«Ու սա մեզ ասում է մի կարևոր և գործնական բան, որ խաղաղության մասին հաղորդակցությունը չի կարող նույն լեզվով աշխատել երեք տարբեր վայրերում, որովհետև մադիկ նույն բառից տարբեր ռիսկեր և տարբեր ապագա են տեսնում»։
Հետազոտության համահեղինակ, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ հասկանում են՝ տարբեր գործընթացների և իրավիճակների վրա իրենց մասնակցությունն ու ընտրությունը նույնպես ազդեցություն ունեն։
«Մարդիկ դեռ չգիտեն, թե ինչպես, բայց սկսում ե ն հասկանալ, որ ինչ-որ բան մեզնից էլ է կախված։ Մենք էլ կարող ենք ինչ-որ բանի մասին մտածել»։
Հեղինակները կարծում են, որ այս հանդիպումները ոչ թե ցույց են տալիս, թե «ինչ են մտածում Գյումրիում, Գորիսում կամ Եղեգնաձորում», այլ թե ինչպես են տարբեր սոցիալական կազմ ունեցող խմբեր նույն թեմային մոտենում տարբեր քաղաքական և էմոցիոնալ ընկալումներով։ Կարծում են՝ պատասխանները կարևոր հուշում են հանրության հետ քաղաքական հաղորդակցություն մշակելու համար։