Հայաստանը հերթական ռազմատեխնիկական պայմանագիրը կնքեց ԵՄ անդամ պետության հետ

2026 թ․ փետրվարի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը ռազմատեխնիկական պայմանագրեր կամ ակտիվ միջպետական գործակցություն ունի ավելի քան 10 երկրի հետ:

Վերջին տարիներին Հայաստանը էապես դիվերսիֆիկացրել է իր գործընկերների աշխարհագրությունը՝ համաձայնագրեր կնքելով թե՛ ավանդական ռազմավարական, թե՛ նոր գործընկերների հետ։ Հերթական ռազմատեխնիկական պայմանագիրը Հայաստանը կնքեց փետրվարի 26–ին Լեհաստանի հետ։  

Հայաստանն ու Լեհաստանը միջպետական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պայմանագիրը կնքեցին ճիշտ այն օրը, երբ 34 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել։ Շարքային գործակցությունն այժմ կրելու է ռազմատեխնիկական բնույթ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը առաջին հերթին ընգծեց որոշման քաղաքական ենթատեքստը՝ Հայաստանին փոխանցելով Եվրոպայի ազդակները։

«Շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը։ Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու բոլոր այն  երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը»։

Հայաստանի վարչապետը գնահատեց Եվրոպայի անկեղծությունը․

«Շատ կարևոր էր լսել Ձեր գնահատականները, մասնավորապես՝ անցած տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես, նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը,

որտեղ մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է»:  

Եվրոպայի զգուշավորությունը պայմանավորված է նրանով, որ ԵՄ երկրների համար խիստ կարևոր է, որ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում իր հետ գործակցության գոտում չհայտնվեն պետություններ, որոնք նոր հակամարտություններով կբարդացնեն իրավիճակը։ Խաղաղությունը Եվրոպական երկրների համար առաջնային կետ է՝ նշել է Լեհաստանի վարչապետը։

«Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղին վարելու համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է: Թեև դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք»։

Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ խաղաղության հաստատման գործում մեծապես ներշնչվել է Եվրոպայի պատմությունից․

«Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է, և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ՝ նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ, ի վերջո, բերել է այն համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունն իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության: Բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը»։

Ավելի վաղ՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի վարչապետն անդրադարձել էր Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանը և այն խոսակցություններին, որ այդ գործում պետք է մեկից ավելի երաշխավորներ լինեն։ Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ դա հին մտածողության հետևանք է։ Նա հավելել է՝ մոռանում ենք, որ դե յուրե արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։ Հայաստանի վարչապետը բացատրել է, որ տեղի ունեցած քաղաքական հիմնական փոփոխությունն այն է, որ հասկացել են՝ խնդիրները պետք է սեփական ուժերով լուծվեն։ Վարչապետ Փաշինյանն ասել է, մեջբերում, «ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը՝ աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»,— մեջբերման ավարտը։

Անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի հիմքում, ըստ էության, հենց այս մոտեցումն է։

Լեհաստանը դարձավ հերթական երկիրը, որի հետ Հայաստանն ունի ռազմատեխնիկական պայմանագիր, որից բխում են փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի գործընկերություն, զինված ուժերի արդիականացում և պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցություն։ Այն ուղղված է պաշտպանական կարողությունների զարգացմանը և անվտանգային երաշխիքների ամրապնդմանը։ 

Համաձայնագիրը դիտարկվում է Հայաստանի համար պաշտպանական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում։ 2026 թ․ փետրվարի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը ռազմատեխնիկական պայմանագրեր կամ ակտիվ միջպետական գործակցություն ունի ավելի քան 10 երկրի հետ: Ավանդական գործընկերներից բացի՝ Հայաստանն այժմ այդ ոլորտում գործակցում է Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ։

Հայաստանի կառվարությունը մշտապես հայտարարել է, որ Հայաստանի անվտանգային և ռազմատեխնիկական դիվերսիֆիկացիան երկրի պաշտպանական քաղաքականության գլխավոր ուղղություններից է, որի նպատակն է սպառազինության աղբյուրների բազմազանացումը և կախվածության նվազեցումը մեկ դաշնակցից։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս տարվա սկզբում հայտարարեց․

«Նախ՝ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը։ Դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ հիմա կա մեր այս պահի քաղաքականության և իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան «Բ» քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ` ամեն ինչ գնում է այնպես, ինչպես և մենք կանխատեսում ենք»։

Այս ոլորտում 2026–ին Հայաստանի ձեռքբերումներից է համարվում նաև Միացյալ Նահանգների հետ գործակցությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի ժամանակ կոնկրետ անօդաչու սարքի ցուցադրությունը կոնկրետ նշանակություն ունի։

«Այսպիսի բան հաճախ չի լինում, որ Միացյալ Նահանգները հենց պաշտոնական այցի ընթացքում ի ցույց է դնում, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում Հայաստանի Հանրապետությանը։ Անօդաչու թռչող սարքը ցույց տալու իմաստը ո՞րն է։ Սա նրա մասին է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է»։

Ամերիկյան արտադրության անօդաչուները պաշտպանական նշանակության են ու կարող են մեծացնել բանակի հետախուզական կարողությունները: Ըստ վերլուծությունների՝ հաշվի առնելով գինը՝ Հայաստանը հայտարարված 11 մլն դոլարով կարող է 15–20 անօդաչու սարք ձեռք բերել:

Leave a Comment