Ժնևում տեղի ունեցած Իրան–ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը իրանական կողմը բնութագրում է որպես ամենաերկարն ու ամենալուրջը։ Այն, սակայն, ավարտվեց առանց կոնկրետ համաձայնագրի։ Հիմնական հարցերի՝ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ չհամաձայնեցված հարցեր են մնացել։ Առջևում սպասվում է բանակցությունների չորրորդ փուլը՝ տարածաշրջանում լարվածության պահպանման և ռազմական սցենարի հավանականությանը զուգահեռ։
Ժնևում տեղի ունեցած բանակցություններն ամենալուրջը և ամենաերկարատևն են եղել։ Բանակցությունների ավարտից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը «լավ առաջընթաց» են գրանցել։ Մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին.
«Մենք հստակորեն ուրվագծել ենք մեր ակնկալիքները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հարցում լավ առաջընթաց է գրանցվել, որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, մինչդեռ մյուսների վերաբերյալ անհամաձայնություններ կան։ Խորհրդակցություններ պետք է անցկացվեն մասնակից երկրների մայրաքաղաքներում, որից հետո բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ»:
Միջնորդ կողմի՝ Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին նույնպես նշել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Նա հայտնել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում։
Թեև Թեհրանից և միջնորդ կողմից առանջընթացի մասին հայտարարություններ են հնչում, փորձագետները նկատում են, որ կողմերը հիմնական՝ Թեհրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև միջմայրցամաքային հրթիռների հետ կապված հարցերում համաձայնության չեն հանգել։ Իրանագետ Գարիկ Միսկարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է, որ Իրանին հարվածելու հավանականությունը պահպանվում է։
«Այն գործընթացները, որոնք ընթանում են այս երկու պետությունների միջև, նաև մշտապես արվող իրարամերժ հայտարարությունները, ցույց են տալիս, որ լարվածությունն այս պետությունների միջև բնավ չի մարել՝ նաև այս բանակցային գործընթացի ընթացքում։ Բացի այդ՝ և՛ Միացյալ Նահանգերը, և՛ Իրանը փորձում են դեռևս բանակցային գործընթացով գնալ առաջ»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը լրագրողների հետ ճեպազրույցում շրջանցել է Իրանին հարվածելու հնարավորության մասին հարցին ուղիղ պատասխանելուց։ Վենսը միայն ասել է՝ թեև նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս դիտարկում է Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը, ոչ մի շանս չկա, որ դրանք Միացյալ Նահանգները կներքաշեն տարիներ տևող, ձգձգվող պատերազմի մեջ։ Washington Post-ը գրում է, որ մինչև բանակցություններն էլ Վենսը հետևյալ հայտարարությունն էր արել.
«Սկզբունքը շատ պարզ է։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եթե նրանք փորձում են վերականգնել միջուկային զենքը, դա մեզ համար խնդիրներ է առաջացնում։ Եվ իրականում մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա։ Ինչպես նախագահը բազմիցս ասել է, ցանկանում է այդ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բայց, իհարկե, նախագահն ունի նաև այլ տարբերակներ»։
Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին, անդրադառնալով բանակցությունների երրորդ փուլին և միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումներին, նշել է, որ Իրանը չի արտահանի միջուկային նյութերը և չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում.
«Բանակցություններն ընթանում են լուրջ մթնոլորտում և թևակոխում են տեխնիկական մանրամասների քննարկման փուլ։ Ուրանի հարստացումը կշարունակվի երկրի կարիքներին համապատասխան․ Իրանից ոչինչ չի արտահանվելու»։
Հազրաթիի խոսքով՝ միևնույն ժամանակ Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը դեռևս ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին է։ Հազրաթին, սակայն, չի պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի պահանջներին։ Axios-ը, սակայն, գրում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները դժգոհ են մնացել Իրանի ԱԳ նախարարի պատասխաններից։ Փորձագետների գնահատմամբ՝ Թրամփը շարունակում է հող նախապատրաստել Իրանին հարվածելու համար՝ ասում է իրանագետ Գարիկ Միսկարյանը.
«Առավելապաշտական դիրքորոշումը նաև, որ որդեգրել է Թրամփը, փորձելով Իրանի հրթիռային ծրագիրը ներառել բանակցային գործընթաց, ոչ միայն միջուկային ծրագիրը, վկայում են, որ հնարավոր է, եթե նույնիսկ որոշակի համաձայնություն հասնեն, կրկին այս երկու պետությունների միջև լարվածությունը չնվազի»։
Այդ մասին է խոսում նաև այն, որ բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ ռազմական ներկայությունը աճում է տարածաշրջանում։ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկել նաև աշխարհի ամենամեծ ավիակիրը։ Մինչև այդ՝ Պարսից ծոցում արդեն տեղակայվել էր ամերիկյան ռազմական տորմիղ՝ «Աբրահամ Լինկոլն» ավիակրի գլխավորությամբ։ Իրանն այդ ամենին պատասխանել է Ռուսաստանի և Չինաստանի հետ զորավարժություններով՝ ցույց տալով, որ բանակցություններին զուգահեռ ինքը նույնպես պատրաստվում է հնարավոր պատերազմի։ Իրանագետի կարծիքով՝ հետագա իրադարձությունները կախված կլինեն արդեն բանակցությունների հաջորդ փուլից ու դրան հաջորդող բարձր մակարդակի հայտարարություններից։