Ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ՝ ռազմական գործողություններն ուժգնանում են

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի միջև Ժնևում տեղի ունեցած հերթական եռակողմ բանակցություններից հետո միջազգային մամուլը գրեց, որ նույն ձևաչափով հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտի 4-ից 5-ը։ Մարտին սպասվող հանդիպման մասին ավելի ուշ հայտարարեց նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսական կողմից դեռ չեն հաստատում այդ տեղեկությունը։ Իսկ բանակցային գործընթացին զուգահեռ շարունակվում են հարվածները ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ժնևի բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Աբու Դաբիում մարտի սկզբին։

«Այսօր մի քանի անգամ խոսել եմ ուկրաինացի բանակցողներ Ռուստեմ Ումերովի և Դավիդ Արախամիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նրանց հանդիպումներից հետո: Հաջորդ եռակողմ ձևաչափի համար արդեն ավելի մեծ պատրաստակամություն կա: Ամենայն հավանականությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում: Ակնկալում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին»:

Զելենսկին, սակայն, ընդգծում է, որ բանակցությունները անարդյունավետ են, քանի որ Ռուսաստանը ուկրաինական տարածքը համարում է իրենը։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ամփոփել իրական անվտանգության երաշխիքների հետ կապված մանրամասներն ու նախապատրաստել հանդիպում՝ առաջնորդների մակարդակով։

«Պատերազմը պետք է ավարտվի. սա մեր դիրքորոշումն է, Ուկրաինայի դիրքորոշումն է և մեր բոլոր գործընկերների դիրքորոշումը։ Սակայն, ցավոք, բոլորը հիմա տեսնում են, որ Մոսկվան խաղաղության պատրաստակամություն չի ցուցաբերում, ու դեռևս չկա որևէ նշան, որ Պուտինը կկանգնեցնի իր ռազմական մեքենան։ Ընդհակառակը՝ մտադիր է շարունակելու կռվել, և աշխարհը պետք է պատրաստ լինի ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա, որպեսզի այն փոխի իր մոտեցումը։ Լուծումը պարզ է աշխարհում բոլորի համար։ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը նույնիսկ ինքնուրույն, իր կամքով, երբ աշխարհը լիովին դադարի ռուսական նավթ և այլ էներգետիկ ռեսուրսներ գնելուց։ Սա միանգամայն հնարավոր է»։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ժնևյան բանակցություններից հետո ասել էր, որ քանի դեռ Կիևը չի հավատում, որ կարող է խաղաղ ապրել, ռուս–ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագիր չի կնքվի։

Ուկրաինան բազմիցս պնդել է, որ անվտանգության երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից ու Եվրոպայից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է՝ հնարավորինս շուտ դադարեցնել ռուս–ուկրաինական պատերազմը։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը ոչ թե կնպաստի հակամարտության կարգավորմանը, այլ կերկարաձգի պատերազմը։

Իսկ ինչպես ասում են, «հողի վրա» իրավիճակը բավականին անհանգստացնող է, քանի որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 350 անօդաչու սարք է արձակել։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ դրանց թիրախում են եղել երկրի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպես նաև բնակելի տարածքներ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը դատապարտել է ռուսական հարվածները․

«Մենք շարունակում ենք դատապարտել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։

Օդեսայի մարզում մոտ 40 հզր ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ Պոլտավայի մարզում գազի ենթակառուցվածքների վնասը խաթարել է մոտ 20 հզր ընտանիքի  էլեկտրամատակարարումը։ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է արևելյան և հարավային մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի լրացուցիչ անջատումների մասին»։

Ռուսական կողմը, ըստ ուկրաինական աղբյուրների, հարվածել է նաև Սումի քաղաքի կենտրոնի մի հյուրանոցի։ Վերլուծաբաններն ու մամուլն ընդգծում են, որ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին զուգահեռ՝ ռազմական գործողություններն ուժգնանում են։

Leave a Comment