1988 թվականի փետրվարի 27-29-ը Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250,000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ: Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին։

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր՝ հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան շարժումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի դեմ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։
Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200 000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ։

Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսել են ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին:
Խորհրդային բանակը Սումգայիթ է մտել միայն փետրվարի 29-ին, որն արդեն ուշ էր։
Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ Արցախյան պատերազմի բռնկման մեջ։

1988-1990 թթ. հայերի դեմ ադրբեջանական իշխանությունների իրականացրած զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:

Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։
Փետրվարի 27-29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը`Բաքուն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործները մնալով անպատիժ՝ այսօր էլ շարունակում են ահաբեկել և սպառնալ Արցախին՝ նոր ցեղասպանությամբ։