Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։
Այնուամենայնիվ, գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայիբոլոր գովազդների նկատմամբ՝ անկախ դրանց բնույթից և նշանակությունից։ Մասնավորապես,գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք՝ առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճալի կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակողհաղորդագրությունների նկատմամբ։
Ինչպես գիտենք, գովազդը, իր էությամբ, ենթադրում է ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում անորոշ թվով անձանց շրջանում և ուղղված է տվյալ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու պահպանմանը՝ առանց զվարճալի բնույթի տարրերի պարտադիր առկայության։ Այստեղից հետևում է, որ սգո և հիշատակի օրերին առկա սահմանափակումները պետք է ուղղված լինեն բացառապես այն հաղորդումներին, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են զվարճանք կամ ժամանց ապահովելու համար կամ պարունակում են զվարճանքի կամ զվարճալի բնույթի տարրեր։ Հետևապես այդ օրերին գովազդի ամբողջական արգելքը համաչափ չէ սահմանված նպատակին և անհարկի սահմանափակումներ է ստեղծում ինչպես տնտեսավարողների, այնպես էլ տեսալսողական մեդիայի հեռարձակողների գործունեության համար։
Միաժամանակ, պետք է փաստել, որ ոչ աշխատանքային հիշատակի օրերը հասարակության համար ունեն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն։ Դրանք պետականորեն ճանաչված այն օրերն են, երբ հանրությունը կոչված է դադարեցնել իր առօրյա աշխատանքային և տնտեսական ռիթմը՝ հարգանքի տուրք մատուցելու հիշատակի օրվա համար։ Օրվա ոչ աշխատանքային կարգավիճակը հենց ինքնին ընդգծում է, որ տվյալ օրը պետք է տարբերվի սովորական օրերից իր բովանդակությամբ և մթնոլորտով։ Ոչ աշխատանքային հիշատակի օրվա ընդհանուր տրամաբանությունը՝ որպես տնտեսական ակտիվության նվազեցման և խորհրդանշական լռության օր, դժվար է համադրել առևտրային հաղորդագրությունների ինտենսիվ տարածման հետ։
Նման պայմաններում անհրաժեշտ է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։
Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Արդյունքում, սգո և հիշատակի օրերին գովազդի ամբողջական սահմանափակումը տարածվում է միայն հեռարձակողների նկատմամբ, իսկ այլ հարթակներում նման սահմանափակումը չի կիրառվում, ինչի արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ հեռարձակողների նկատմամբ՝ դրանով խաթարելով տնտեսական մրցակցությունը։
Առաջարկվող կարգավորման բնույթ․
Նախագծով առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։ Առաջարկվում է համապատասխան հոդվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում հանել «գովազդի և» բառերը, իսկ «զվարճալի հաղորդումների» բառերից հետո լրացնել «, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի» բառերով։
Ըստ այդմ՝ Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին զվարճալի հաղորդումների, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:
Հոդված 2․ Օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասում հանել «գովազդի և» բառերը, իսկ «զվարճալի հաղորդումներ» բառերից հետո լրացնել «, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդ» բառերով։
Հետևաբար՝ Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին զվարճալի հաղորդումներ, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդ հեռարձակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։