Ազգային ժողովում մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջից։
Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։
Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության և առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է:
Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և պաշտոնատար այլ անձինք։
Նախարար Թորոսյանն իր ելույթում անդրադարձել է կոնվենցիայի սկզբունքների իրականացման գործընթացին, ապա ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում մանրամասնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը: Նախարարը նշել է, որ պետությունը շարունակում է անել հնարավորը, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ ստանա անհրաժեշտ մատչելի և որակյալ ծառայություններ, և դա ոչ միայն միջազգային պարտավորություն է, այլև բարոյական պատասխանատվություն է քաղաքացիների հանդեպ։
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ պետությունը շարունակակական քայլեր է իրականացնում համայնքահեն ծառայությունները զարգացնելու, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու հասանելիությունը բարձրացնելու ուղղություններով։