
Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ, ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների՞ համար, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը՝ դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել», – նշեց երրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ հավանաբար մինչև ապրիլի վերջ ՀՀԿ-ն կունենա որոշում:
Սերժ Սարգսյանն ասաց նաև, որ իրեն այցելողներ եղել են խորհրդարանական ընտրությունների բանակցությունների համար, սակայն չբացահայտեց, թե ովքեր:
Հարցին, թե ինչով է պայմանավորում ներընդդիմադիր պայքարի լարումը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ տարակարծությունները, ՀՀԿ ղեկավարը պատասխանեց՝ համաձայն չէ նման գնահատականի հետ, ընդամենը, իր բնորոշմամբ, «ջրերը զուլալվում են»:
«Բոլոր նրանք, ովքեր պիտի փորձեն՝ քաղաքական ուժերը, մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը: Ճշմարտությունը կլսեն: Մենք որևէ կոմպլեքս չունենք։ Ինչ զրպարտություն լինի, պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով», – ընդգծեց նա: